Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմնական խաղացող քաղաքական ուժերի` նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշման, իշխանության վերարտադրության կանխման մեխանիզմներ չգտնելու հետևանքով առաջացել է այնպիսի կոլապսային իրավիճակ, երբ հասարակական-քաղաքական միտքը չի կարողանում այլևս ստեղծված աննախադեպ անհեթեթ իրավիճակից դուրս գալու ողջախոհ առաջարկություններ հղանալ, նոր քաղաքական օրակարգ ձևավորել:
Նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանն այսօր հանդես է եկել առաջիկա ընտրություններին առաջադրված մյուս թեկնածուներին ուղղված կոչով, որով նրանց առաջարկում է համաձայնեցված կերպով` մինչև հունվարի 15-ը դիմել ինքնաբացարկի` փաստացի գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում թողնելով մենակ: Ավելի վաղ Ղուկասյանը դա բացատրել էր նրանով, թե այդպիսով հնարավորություն կստեղծվի դնել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Մինչ այդ նույն առաջարկը հնչեցրել էր նաև առաջադրված մեկ այլ թեկնածու` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա այս քայլը նպատակահարմար է համարում` համոզվելու համար, որ նախագահն անգամ 50 տոկոս ձայն հավաքել չի կարող:
Նախագահի երկու թեկնածուն էլ, ըստ էության, առաջարկում են այն նույն ճանապարհը, որը որդեգրեցին ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մասամբ` նաեւ ՀՅԴ-ն: Սակայն, ի տարբերություն վերջիններիս, նրանք դա փորձում են անել արդեն որպես ծավալված խաղի մասնակիցներ, ինչը փոխում է իրերի դրությունը: Բանն այն է, որ ներկայումս մրցապայքարի մեջ մնացած 8 քաղաքացիների թեկնածության հայտն էլ ԿԸՀ-ն ընդունել է նրանց կողմից վճարված 8 մլն դրամի ընտրագրավի անդորրագրերի հետ միասին: Ըստ ընտրական օրենսգրքի` ընտրագրավը կարող է վերադարձվել միայն քվեարկությունից հետո և միայն այն թեկնածուներին, ովքեր ընտրողների 5 տոկոսից ավելի ձայներ են ստացել: Այսինքն` առաջարկելով դուրս գալ ընտրապայքարից` թե' Անդրիաս Ղուկասյանը և թե' Արամ Հարությունյանը, ով, ի դեպ, միայն վերջին պահին կարողացավ հայթայթել ու վճարել գումարը, փաստացի առաջարկում են Հայաստանի պայմաններում այդ հսկայական գումարներն ուղղակի, հենց այնպես լցնել ջուրը: Ոմանց համար, իհարկե, 8 մլն դրամը կարող է ընդամենը իրենց թողնված «թեյավճար» լինել, առավել ևս, երբ ընտրագրավների ծագումնաբանությամբ առանձնապես հետաքրքրվող չկա: Սակայն դրդել մարդկանց անտրամաբանական գործողության, պրովոկացիայի ենթարկելով, թե ինքնաբացարկի չգնալը հավասարազոր է Սերժ Սարգսյանի հերթական «հաճախորդը» դառնալուն, նման է կա'մ արկածախնդրության, կա'մ չափազանց անգրագետ PR-ի:
Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ նման առաջարկով իմաստ ուներ հանդես գալ մինչև ընտրագրավը մուծելը, ինչը թե' առաջարկը հնչեցնողին քաղաքական հայտարարություններ անելու, մեկնաբանություններով հանդես գալու հնարավորություն կտար, թե' իրատեսական կդարձներ նման կազմակերպված բոյկոտը: Կամ էլ` խնդիր դնել ոչ թե բոյկոտելու, այլ ընտրապայքարում թեկուզ ընդհանուր մարտավարությամբ հանդես գալու, միասնական ճակատ ձևավորելու, ինչն առայժմ թվում է ընդամենը ֆանտաստիկայի ժանրի ինչ-որ բան:
Թեկնածուներից ոչ մեկը, եթե իհարկե, խելագարության կանխավարկածով չի առաջնորդվում, նման քայլ անել չի կարող, և արդեն իսկ ակնհայտ է, որ եթե խիստ արտառոց դեպքեր տեղի չունենան, և ԿԸՀ-ն գրանցի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 8 թեկնածուներին, քվեաթերթիկներում ունենալու ենք 8 անուն: Նման ժամանակավրեպ առաջարկություններն արվում են հենց այս հաշվարկով: Անդրիաս Ղուկասյանը, հրաշալի հասկանալով, որ հնարավոր չէ` 6 թեկնածուներ միահամուռ կերպով հանեն թեկնածությունները, պարզապես փորձում է իր քարոզարշավը կառուցել մրցակիցների վարկաբեկման և միակ իրական այլընտրանքի իմիջը ձեռք բերելու տակտիկայի միջոցով, որը, ի դեպ, անլուրջ վիճակի մեջ կարող է դնել հենց իրեն` Ղուկասյանին: Հիմա նա պետք է կա'մ հանի թեկնածությունը` համոզելու համար, որ նաև ինքը չի մտնում Սերժ Սարգսյանի «հաճախորդների» ցուցակի մեջ և «հանուն քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքարի վեհ գաղափարի» քամուն տա 8 մլն դրամը, կա'մ շարունակի մնալ ընտրապայքարում` հակասելով ինքն իրեն:
Սակայն խնդիրը միայն ընտրագրավը չէ: Առաջարկը հնչեցնողները չեն կարողանում հիմնավորել, թե ինչու է հասարակական, քաղաքական առումներով նախընտրելի ընտրությունները սկսված գործընթացի կեսից բոյկոտելը: Ընտրությունները, անկախ նրանից` այլընտրանքային թեկնածուներ կլինեն, թե` ոչ, կայանալու են, որովհետև դա սահմանադրական հստակ պահանջ է: Այն չի կարող նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հիմք հանդիսանալ, որովհետև դրա մեջ ոչ մի տրամաբանություն ուղղակի չկա. անհասկանալի է` ինչու պիտի Սերժ Սարգսյանն ընդհանրապես անսա հրաժարականի որևէ պահանջի. դրան չի գնացել իր համար անհամեմատ ավելի աննպաստ իրավիճակներում, առավել ևս այն դեպքում, երբ, այսպես, թե այնպես, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, և երբ հրաժարականը, որպես օրակարգային պահանջ, արդեն վաղուց հնացած ու անգամ իր քարոզչական արժեքը կորցրած կատեգորիա է: Առավել անհասկանալի է բոյկոտն ընդամենը Սերժ Սարգսյանի իրական ժողովրդականությունը կամ ունեցած քվեն բացահայտելու համար կիրառելու տարբերակը, որն անգամ ծիծաղելի է քննարկելը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ