Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս միացել է նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին:
Մեր այն հարցին, թե, որպես իրավաբան, ինչպե՞ս է գնահատում պատգամավորների կողմից նախաձեռնված ստրագրահավաքը, և այն ի՞նչ իրավական ուժ կարող է ունենալ, Փոստանջյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես տեղեկացված եմ, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվածի կարգավիճակում է: Այդ ձերբակալումը տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի, որովհետև տիկին Ենոքյանին հրավիրել են հարցաքննության ու միանգամից ձերբակալել: Ձերբակալության համար պետք է հիմքեր լինեն: Մարդուն հրավիրել են հարցաքննության, նա էլ, առանց խուսափելու, գնացել է»:
Ըստ պատգամավորի` հետագայում, եթե Գոհար Ենոքյանի դեմ կհամարձակվեն դատարանին միջնորդություն ներակայացնել կալանքի վերաբերյալ, դա նույնպես կլինի ապօրինի, որովհետև դրա համար պետք է հիմքեր լինեն: «Քննիչը կարող է միջնորդություն անել, բայց դատարանը, եթե նման որոշում կայացնի, կլինի ապօրինի»,- ընդգծեց նա:
Փոստանջյանի խոսքով` մարդուն ձերբակալելու համար մի քանի հիմքեր պետք է լինեն: Նա նշեց, որ տվյալ պահին բացակայում է այն հիմնավոր կասկածը, որ Ենոքյանը կատարել է հանցանք: Բանն այն է, որ Գոհար Ենոքյանին հանցանքի վայրում չեն բռնել:
Իրավաբան պատգամավորը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Գոհար Ենոքյանին երբ հրավիրել են հարցաքննության, նա չի խուսափել և իր սեփական կամքով է գնացել: Այս հանգամանքը, ըստ պատգամավորի, ևս խոսում է այն մասին, որ նախկին պատգամավորի դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են և ապօրինի:
«Ինչ վերաբերում է մեր կողմից ներակայացված միջնորդությանը, սա լրացուցիչ տեղեկատվություն է վարույթն իրակացնող մարմնի համար, որ նրանք գործ ունեն մի անձնավորության հետ, ում նկատմամբ կա հանրային վերահսկողություն, և հանրության կողմից այս ձերբակալությունն ապօրինի է դիտվում, և կա միջնորդություն` տիկնոջն անհապաղ ազատելու պահանջով»,- ասաց Փոստանջյանը` հավելով. «Այս ձերբակալությամբ փորձում են մարդուն ճնշել, վախեցնել կամ էլ ինչ-որ դիտավորություններ ունել: Եթե ունեին հստակ փաստեր, ապա իբրև թե 2011 թվականին հարուցված այդ գործն արդեն իսկ կլիներ դատարանում, և կլիներ մեղադրական դատավճիռ»:
Զարուհի Փոստանջյանը նաև զուգահեռներ անցկացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և Գոհար Ենոքյանի դեմ առաջադրված մեղադրանքների միջև: «Մենք մի դեպք ունենք` երբ պարոն Լիսկան կարող է կատարել սպանություն և մնալ անպատիժ, նրա որդին ևս կարող է մնալ անպատիժ և նորից հանցագործություն կատարել: Նա հանրության համար, իրոք, վտանգավոր է և մեկուսացման վայրում չի գտնվում: Իսկ մեկ այլ դեպքում` ահա, թե ինչպես եղավ»,- ընդգծեց պատգամավորը: