Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի շուրջ ստեղծված իրադրության և հնարավոր զարգացումների մասին Yerkir.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» պարբերականի կայքէջի (https://alikonline.ir/) խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
- Պարո'ն Շահնազարյան, Իրանի շուրջ ընթացող արտաքին զարգացումների մասին բավական խոսվեց, ինչպիսի՞ն է իրադրությունը երկրի ներսում, ի՞նչ տրամադրություներ են ստեղծել վերջին իրադարձությունները հասարակական շրջանակներում։
- Երկրի ներսում, ներկա դրությամբ, իրավիճակը կայուն է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով, եւ խուճապի որեւէ նշան չկա: Վերջին իրադարձությունները հասարակական բացառիկ համախմբվածության պատճառ դարձան: Իրանական հասարակությանը խիստ վրդովեցրել են ԱՄՆ-ի անօրինական գործողությունները: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Իրանի ժողովրդին, նրա մտածողությանն ու հոգեկառուցվածքին, լավ գիտեն, թե արտաքին սպառնալիքի դեպքում, երբ, հատկապես, նժարին դրված է երկրի անվտանգության եւ ազգային արժանապատվության հարցը, ինչպիսին է իրանական հասարակության արձագանքը:
Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության եւ թաղման արարողությունը դրա վառ ապացույցն էր:
- Կարծիք կա, որ գեներալի սպանությունը, որքան էլ կորստաբեր էր Իրանի համար, այդուհանդերձ, այն ունեցավ համախմբող ազդեցություն երկրի ներսում։ Համաձա՞յն եք։
- Միանշանակ համաձայն եմ: Գեներալ Սոլեյմանին այն բացառիկ կերպարներից էր, որն իր մեջ խտացրել էր իրանական հասարակության համար երեք չափազանց կարեւոր՝ ազգային, կրոնական եւ մարդկային բաղադրիչները: Եւ հենց սա էլ բացառիկ համախմբող ազդեցություն ունեցավ երկրի ներսում:
Պետք է նշեմ, որ գեներալի մահը սգում են անգամ նրանք, ովքեր ունեն որոշակի ընդդիմադիր հայացքներ եւ մոտեցումներ: Գիտեք, լեգենդար զորահրամանատարին կարել էր չհամակրել, նրա կարծիքները եւ գաղափարները չկիսել հնարավոր էր, բայց նրան չհարգելը բացառված էր:
- Իրանն, ի վերջո, կստեղծի՞ միջուկային զենք։
- Դա բացառված է: Տարիների ընթացքում Իրանը բազմիցս հայտարարել եւ ապա իր գործողություններով փաստել է, որ չի ձգտում միջուկային զենքի: Դա երբեւէ Իրանի պաշտպանական դոկտրինի մաս չի կազմել եւ չի էլ կազմելու:
Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել մի կարեւոր փաստ. զանգվածային սպանության զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքի օգտագործումը հակասում է Իրանի իշխանությունների եւ ժողովրդի ազգային, կրոնական եւ բարոյական արժեհամակարգին: Սա պետք է գիտակցեն եւ հասկանան բոլորը: Իսկ նման դեպքերում, իրանցիները երբեւե դեմ չեն գնում իրենց սկզբունքներին:
- ԱՄՆ-ը, բնականաբար, կփորձի Իրանի դեմ ներքաշել տարածաշրջանի մի շարք երկրների և ուժերի։ Կձևավորվի՞, այսպես կոչված, հակաիրանյան կոալիցիա, թե՞, այդուհանդերձ, կհաջողվի հավասարակշռությունը պահպանել տարածաշրջանում։
- Ներկա դրությամբ, ցանկացած ձեւաչափով, հակաիրանական որեւէ կոալիցիայի մաս կազմելը չի բխում տարածաշրջանի երկրների շահերից: Կարծում եմ՝ դա գիտակցում են տարածաշրջանի բոլոր երկրները: Համենայն դեպս, այդ մասին են վկայում տարածաշրջանի երկրների չափազանց զգուշավոր եւ պահպանողական դիրքորոշումները:
Նրանք գիտակցում են, որ ինչպիսի անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ զինված հակամարտությունը ողջ տարածաշրջանի համար: Չմոռանանք, որ Իրանն արդեն իսկ նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին՝ ամերիկյան սադրանքների մեջ ներքաշվելու հնարավոր հետեւանքների մասին:
- Տարածաշրջանի այսպիսի թեժացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ «հայկական թեժ օջախի»՝ արցախյան հակամարտության վրա։
- Նման թեժացումները միանշանակ որոշակի վտանգ են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար: Հնարավոր պատերազմի դեպքում, Հայաստանը կկորցնի արտաքին աշխարհի հետ իր ամենավստահելի ելքը: Սա միանշանակ աղետալի հետեւանքեր է կարող ունենալ հայկական զույգ պետությունների անվտանգության համար:
Դրանից բացի, կարծում եմ, որ եթե պայմանները նպաստավոր լինեն, ապա մեր թշնամի պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռքից բաց չեն թողնի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով իրենց օգտին լուծելու առիթը:
Այնպես որ` հայկական կողմը պետք է պահպանի զգոնությունը, վարի նախաձեռնողական քաղաքականությունն, տարբեր մակարդակներով խորհրդակցություններ ունենա տարբեր երկրների հետ, որեսզի սցենարի վատագույն զարգացման դեպքում անգամ, կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:
Այս համատեքստում ես կցանկանայի հիշեցնել մի կարեւոր փաստի մասին. ամերիկացիները, այնուամենայնիվ, եկվորներ են: Նրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը հեռանալ մեր տարածաշրջանից: Բայց, Իրանն ու Հայաստանը հարեւաններ են, որոնք հազարամյակներ շարունակ ապրել եւ խաղաղ գոյակցել են կողք կողքի եւ այդպես էլ շարունակելու են հավերժ: