կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 10:10
Մշակույթ

Թող Ձմեռ պապը մարդկանց հոգով ընտրելու վճռականություն նվիրի. Դօրիան

Թող Ձմեռ պապը  մարդկանց հոգով ընտրելու վճռականություն նվիրի. Դօրիան

Ժամանակակից գրող Դօրիանը yerkir.am-ին պատմել է, թե ինչպե՞ս է սովորաբար դիմավորում Ամանորը, եւ արդյո՞ք մասնակցում է հյուր գնալու «ավանդական վազվզոցին»:

                                                                         ***

Բոլոր բարեկամներին մեկ օրում հիշելու սովորույթ մեր տանը չունենք։ Շնորհավորում ենք հիմնականում նրանց, ում հետ հանդիպում ենք նաև տարվա ընթացքում, այցելում ենք միայն ամենամտերիմ բարեկամներին։ Ես՝ տատիս, մորս ու քրոջս։ Նույն մարդկանց էլ հյուրընկալում ենք, գումարած մեկ-երկու ընկեր, ովքեր նույնպես տարվա ընթացքում հաճախ մեր տանը հյուր են լինում։

 

Մեր տոնական սեղանը, ինչպես ցանկած անշունչ առարկա, զուրկ է արժանապատվության զգացումից ու չունի հեղինակություն՝ պատրաստում ենք միայն այն, ինչ սիրում են հյուրերը ու սիրում ենք մենք, առանց ճաշացանկի հետ կապված կոմպլեքսների։ Քանի որ հյուրերից յուրաքանչյուրը քաջատեղյակ է մեր տան անցուդարձին ու ամենքս այս կամ այն չափով մասնակցություն ենք ունենում մյուսի նախատոնական աշխատանքներին, իրար զարմացնելու համար համապատասխան իրավիճակ էլ չի ստեղծվում։

 

Պատահական ժամի հյուր գնալն էլ, ոչ տոն, ոչ էլ մյուս օրերին, ընդունված չէ, անպայման նախապես պայմանավորվում ենք, հարմարեցնում իրար։ Արդյունքում բոլոր հյուրերին ընդունում ենք մեկ օրում։ Ստացվում է, որ գրեթե նույն մարդկանցով երեք-չորս օր, օրը մեկի տանը հավաքվում ենք, նշում։ Բոլորին նվերներ գնելու սովորույթ էլ չունենք, ամեն մեկն իր տան անդամին է նվեր գնում, մյուսների տներ, ինչպես շատերը, այնպես էլ մենք, քաղցրավենիքով կամ խմիչքով ենք գնում։

 

Ձմեռ պապիկից էլ նյութական ոչինչ չեմ ուզում, միշտ մտածում եմ ավելի դժվար հասանելիի մասին։ Թող այս տարի ամեն մարդու` հոգով ընտրելու մեկական վճռականություն նվիրի։ Առանց քաղաքականության: