Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում իշխանությունների «քառակուսին» այդպես էլ չի կայանում. նրա առնվազն երկու «կողմերը»` գործադիր և օրենսդիր իշխանությունները, չորրորդ «կողմին»` լրատվամիջոցներին չեն սիրում ընդհանրապես:
Եվ քիչ է ասել` չեն սիրում, տանել չեն կարողանում: Ահա, թե ինչու իրենց կառավարչական պրակտիկայից նրանք իսպառ բացառել են այնպիսի անցանկալի բան, ինչպիսին սովորական մամուլի ասուլիսն է: Երկրի ղեկավարը որ` իսպառ է հրաժարվել լրատվամիջոցների հետ ասուլիսի ձևաչափով շփվելու «նսեմ» գործելակերպից. նա իր մամուլի ասուլիսները տալիս է նախարարություններ ու զանազան ձեռնարկություններ կատարած այցերի ժամանակ, երբ լրագրողի գործառույթ են ստանձնում զանազան փոխնախարարներ ու այլ չինովնիկներ: Վերջիններիս իշխանությունները սիրում են և պատրաստակամորեն պատասխանում են հնչեցրած հարցերին, մինչդեռ նույն հարցերը` հնչած լրագրողի բերանով, իշխանություններին գցում են բարկության ու հիստերիայի այնպիսի հանկարծահաս նոպայի մեջ, որ ավելի լավ է` գլուխդ առնես-փախչես:
Լրագրողների և, մեծ հաշվով, լրագրության հանդեպ իշխանությունների այս երկկողմ խորշանքն արտահայտվում է ոչ միայն սքողված ձևերով, այլ նաև բացահայտ: Ահավասիկ, ժամանակ առաջ նախ երկրի նախագահը մեղադրեց լրատվամիջոցներին ստեղծված «գաղջ» մթնոլորտի համար, ապա ԱԺ նախագահը բողոքեց իր բարձր վարկը գցելու գործին լծված «հաստավիզ» լրագրողներից:
Այսօր արդեն նրանց է միացել վարչապետը` լրագրողներին մեղադրելով այս անգամ էլ չարության և ատելության քարոզի մեջ: /Եթե հիշենք, թե ինչ «բարձր» կարծիք ունի լրագրողների մասին արդարադատության նախարարը, ապա իրավամբ կստացվի, որ իշխանությունների «քառակուսին» մեր երկրում անհուսալի ճաք է տվել, և հարկ կա անհապաղ փոխելու լրագրողական հանրությանը` ասպարեզում թողնելով թերևս մեկ-երկու թերթուկ ու հեռուստաընկերություն:
Այո, հանուն երկրի ու ժողովրդի փրկության` հենց չորրորդ իշխանությունը պետք է ամբողջովին փոխել, որովհետև, ինչպես պատմությունը կամ պատմական փորձն է ցույց տալիս, մեր երկում մյուս իշխանությունները փոխելը պարզապես անհուսալի գործ է: Լրագրողական չարությունից ճամարտակող վարչապետն իր փիլիսոփայական խոհերը սույն «չարիքի» վերաբերյալ հնչեցրել է իր «մեծ» ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողական անմեղ հարցի` Նոր տարում ինչ է ցանկանում Ձմեռ պապից:
Հարցի մեջ հենց միայն Ձմեռ պապի անվան հիշատակությունը պիտի դրդեր վարչապետին պատասխանել թեթև-հեգնալից ոճի մեջ, իսկ, որ առավել պատշաճ կլիներ` ինքնահեգնանքով խոսեր թերևս արտագաղթի, ժողովրդի ծանր սոցիալական վիճակի և այն բարվոքելու իր վարչապետական խնդրանքի մասին, մանավանդ սպառել է բոլոր հնարավոր օգնությունները, և միայն ձմեռպապերը կարող են օգնել նրան երկիրն այս անհուսությունից դուրս բերելու համար:
Սակայն վարչապետը, որ իր ինտելեկտի խորությամբ ու զորությամբ միշտ է թաքուն-բացահայտ պարծեցել, փոխանակ բռնելու լրագրողի հարցի հեգնական տոնայնությունն ու այդ կերպ արձագանքելու, հարկ է համարել անսպասելի մի լրջությամբ դասախոսություն կարդալ լրագրողական չարության, ատելության և այլնի վերաբերյալ: Եվ դրանով մատնել է իր իսկ չարացածությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը ազատ խոսքի նկատմամբ:
Լևոն Սարգսյան