Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռավոր Լապլանդիայից ջերմագին բարևներ, իմ սիրելի նախկին թոռնիկ պարոն Արմեն Աշոտյան: Չնայած եթե մեծանալով, չափից շուտ ու շատ լրջանալով, էլ չասած՝ նախարար դառնալով հանդերձ հիշել ես ինձ ու որոշել «պո դուշամ» կիսվել ծերուկիս հետ, ուրեմն լավ էլ էլ ինչ նախկին: Ի վերջո իսկական պապի, այն էլ Ձմեռ պապի համար, թոռնիկի նախկինը չի լինում: Այնպես որ ուրախ եմ քո նախաձեռնությամբ քեզ հետ խոսելու, կիսվելու առիթի համար: Հա, ի դեպ, կներես, որ ուշ եմ արձագանքում, դե գիտես՝ պապն այնքան գործ ուներ այս օրերին: Հուսով եմ, որ նախարարական «բարձունքից» վատ չես զգում, որ քեզ պապիաբար «դու»-ով եմ դիմելու: Չնայած ինչ-որ պահից սկսած դադարեցիր ինձ նամակ գրել, ու հասկացա, որ մեծացել ես, բայց կողքից միշտ հետևել եմ քեզ:
Գիտեի, որ իմ անունով կեղծ նամակներ ես գրում՝ բաղձալի նվերներ ստանալու համար: Սկզբում նեղվում էի: Հետո մտածեցի՝ ճարպիկ է՝ գուցե շատ բանի հասնի: Դե գիտես, հիմա ճարպիկների դար է: Բոլորը բոլորին խաբում են, բայց բոլորն էլ բոլորից գոհ են ու էդպես հաշտ ու համերաշխ ապրում են: Ինչպես Հայաստանում՝ ընտրությունների ժամանակ: Հա, ի դեպ, այդ նշանը հասկացել էի ու երկար-բարակ բացատրելու կարիք չկար: Ես էլ եմ 21-րդ դարում ապրում ու արդեն Ձյունանուշն ինձ սովորեցրել է հույզերն էս հիմար նշաններով արտահայտելու արվեստը: Հիմա երեխաներն ավելի շատ սմս-ներով ու մեսիջերներով են առցանց նամակներ գրում: Էնպես որ ինչքան էլ \'\'չաթես\'\', վեջս չի:
Չնայած, հաշվի առնելով սոցիալական ցանցերում քո ակտիվությունը, չզարմացա, որ նամակիդ մի մասը նվիրել էիր այդ նշանների իմաստն ինձ բացատրելուն: Հասկանում եմ թուլությունդ, թեև զարմանում եմ՝ ոնց ես հասցնում լինել միանգամից այդքան Աշոտյաններ. քաղաքական գործիչ, այն էլ հանրապետական, կուսակցության փոխնախագահ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախարար, հեռուստաշոումեն ու այդքանի հետ մեկտեղ՝ նաև ակտիվ \'\'ֆեյսբուքանախարար\'\':
Ես մի սեզոնային գործն ունեմ ընդամենը, բայց էլի չեմ հասցնում: Խնայիր քեզ, առողջությունդ, որդիս: Հետո՝ իմ փորձից ելնելով եմ ասում, ավելի լավ է մի գործ անես, բայց լավ ու արդյունավետ, քան մի քանիսը ու… դե գիտես ինչպես…: Հա, ի դեպ, թոռնուհիս արդեն տևական ժամանակ է «Ֆեյսբուքում» քո «ֆռենդը» (ճիշտ եմ չէ՞ ասում, մեկ-մեկ «բոյֆռենդի» հետ եմ շփոթում) դառնալու հայտ է ուղարկել: Բայց արձագանք չկա: Տես, թե ճար ունես՝ օգնիր: Մի քանի հարց ունի, ուզում է ճշտել: Բայց քանի որ վստահ չեմ, թե խնդրանքս կկատարես, ուզում եմ փոխանցել այդ, ճիշտն ասած նաև ինձ հետաքրքրող հարցերից մեկը: Երկու երեք տարի առաջ հայտարարեցիր, թե բուհ ընդունվելը պետք է հեշտ լինի, ավարտելը՝ դժվար: Ձյունանուշս էլ տարվել է հեշտ ընդունվելու հովերով ու համարյա չի պարապում ընդունելության քննությունների համար, չնայած «կրկնուսույցներին» ահագին գումար եմ վճարում՝ երբեմն երեխաների նվերների ֆոնդից, այսինքն (այդտեղ՝ Հայաստանում լավ կհասկանաք)՝ «ատկատներից»:
Ինչևէ՝ Ձյունանուշս ասում է՝ մինիմում դրական գնահատական ստանամ՝ ընդունված եմ, ինչի՞ համար պարապեմ: Մանավանդ որ հետաքրքրվել ու իմացել է, որ Հայաստանում որքան հեշտ ընդունվում են, կրկնակի հեշտ էլ ավարտում են: Դե մեղքս ինչ թաքցնեմ. թե դա ճիշտ է, իսկապես ոչ ինքը անիմաստ տանջվի, ոչ էլ առավելևս ես. ոնց հասկացար, ինչպես Լապլանդիայի յուրաքանչյուր կարգին բնակիչ, ես էլ «տոկոսի տակ» եմ: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում ոնց կարելի է դպրոցներից հանել էվոլյուցիոն տեսությունը, ինչի մասին լրջորեն խորհում ես քո նամակում: Սրանից երկու, թե երեք տարի առաջ էր` հեռուստացույցի ալիքները ձանձրույթից փոխելիս հանկարծ ընկա Հայաստանի ալիքի վրա հենց էն պահին, երբ ձեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հպարտորեն ասում էր, թե Հայաստանն ընտրել է բարեփոխումների «էվոլյուցիոն» ճանապարհը: Շատ խորը, փիլիսոփայական միտք թվաց ինձ ու մտածեցի՝ Հայաստանը վերջապես գտել է դարերով փնտրված ու չգտնված զարգացման՝ իր միակ ուղին՝ «էվոլյուցիա»: Հիմա եթե առաջարկում ես դա հանել դպրոցական ծրագրերից՝ ինչի՞ հույսին եք մնալու, էլ չե՞ք բարեփոխվելու, բարեփոխվել պրծե՞լ եք… Այոոո, ժամանակներն իսկապես արագ են փոխվում: Տեսնում եմ, որ խառն եք, անկանոն շարժման մեջ եք՝ անդադար վերուվար, աջուձախ եք անում։ Բայց մի հարցում քեզ հետ լիովին համաձայն եմ. բոլոր փաթիլների վերջը նույնն է՝ հանգրվանել հողին, ես կասեի՝ Մելիք-Ադամյանի հողին…
Այնպես որ՝ շատ մտածելու բան, հարգելի Աշոտյան ջան, չունես, առավելևս՝ հորոսկոպի մասին: Որպեսզի ինչպես երազում ես՝ ոչ թե կենդանակերպի, այլ մարդակերպի տարիներ լինեն, նախևառաջ անհրաժեշտ է, որ այդտեղ՝ ձեր երկրում, մարդավարի ապրեք: Քանի դեռ դա անել չեք սովորել, միշտ սողալու-սողոսկելու, կծելու-կրծելու, հոշոտելու եք, գույն եք փոխելու: Իսկ դրանք կենդանական վիճակներ ու որակներ են, հետևաբար նաև՝ օրինաչափորեն հարիր կենդանակերպի նշաններին:
Այսպիսի բաներ, Աշոտյան, թոռնիկս, լավ եղիր: Միշտ լավատես եղիր ու երբեք չկորցնես մտքիդ սրությունը, լեզվիդ ճարտարությունը, ներսիդ չարաճճի փոքրիկին, որ քեզ ստիպեց գրիչ վերցնել ու գրել ինձ, թեկուզ ակնթարթի մեջ, տեղափոխվել քո մանկության ամենավառ հեքիաթներից մեկի գիրկը: Թող այն միշտ ուղեկից լինի լավի ու վատի, ճշտի ու սխալի, բարոյականի ու անբարոյականի լաբիրինթոսներում: Ողջ լեր: Շնորհավոր քո, ընտանիքիդ, հայրենիքիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Աշոտյանի նամակը՝ Ձմեռ պապին՝ այստեղ: