Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-Ավանդական հարց` ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:
-Սիրով:
-Որտե՞ղ, ո՞ւմ հետ:
-Տանը` ընտանիքիս հետ` երեխաներիս, թոռներիս:
-Մեր քաղաքական գործիչներից շատերի մոտ մոդա է դարձել Ամանորն անցկացնել արտասահմանում, Դուք դա ընդունո՞ւմ եք:
-Ամեն մեկն ինքն է որոշում իր ապրելակերպը: Վերջին տարիներին ես շատ հաճախ Ծաղկաձորում եմ անցկացնրել Նոր տարին: Այս տարի չեմ գնում զուտ անձնական պատճառներով` հորս մահվան առաջին տարին է:
-Ի՞նչ նվեր եք մատուցում Ձեր ընտանիքի անդամներին:
-Սովորաբար, Ձմեռ պապին է նվերներ բերում թոռնիկների համար: Կարծում եմ` շատ լավ Ձմեռ պապի ունենք:
-Ո՞վ է Ձեր տան Ձմեռ պապին:
-Չգիտեմ (ծիծաղում է):
-Իսկ ո՞րն է եղել ամենահիշարժան, տպավորիչ նվերը, որ մանկության տարիներին ստացել եք Ձմեռ պապից:
-Մեր մանկությունն անցել է է աշխարհի ծերում, սարերի մեջ, կորած-մոլորած մի գյուղում, այնտեղ այս կարգի բաները շատ էլ հասկանալի չէին, ամեն ինչն էլ նվեր էր, հատուկ հիշողություն չունեմ... Այն ժամանակ ամենահիշարժան նվերը գիրքն էր:
-Ձմեռ պապին գոնե հավատացե՞լ եք:
-Չեմ հիշում, մեր գյուղերում ընդհանրապես Ձմեռ պապի կա՞ր, թե՞ չկար:
-Որոշակիություն չկա՞ր:
-Անորոշ մանկություն ենք ունեցել, նոր եմ հասկացել, որ կա (ծիծաղում է):
-2013թ. Ձեր ցանկությունները:
-Խաղաղություն, որ մարդիկ իրար ավելի հարգեն ու գնահատեն, ազնիվ ու բարեսիտ լինեն, հասկանան, որ մենք բոլորս նույնն ենք` կավից ու կտորից ենք, փորձենք իրար կողքի կանգնել, օգնել, լրացնել, մի քիչ մեզ հավատացող լինենք:
-Անձամբ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
-Ինձ համար արդեն քիչ բան է պետք` հոգու խաղաղություն, հանգիստ, որ կարողանամ աշխարհին ու իրերին, մարդկանց նայել հավասար աչքով, չնեղացնել ուրիշներին, թեեւ դա չեմ խոստանում, երբեմն նեղացնում եմ...
-Ձմեռ պապին Ձեզ տոպրակ է բերելու, ի՞նչ եք ցանկանում, որ մեջը լինի:
-Ոգեշնչում:
Զրուցեց Ագնեսա Խամոյան