Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն Ամանորը սովորաբար անցկացնում է Հայաստանում` մեծ ընտանիքի հետ, եղբայրներով: Կարեն Կարապետյանը պատասխանել է Yerkir.am-ի մի քանի հարցերին:
-Պարո'ն Կարապետյան, մեծ գումարնե՞ր եք հատկացնում ամանորյա տոներին:
-Եթե ասեմ` համեստի մեջ` կկեղծեմ... Նորմալ, քանի որ հյուրերը շատ են լինում, նորմալ ծախս ենք անում:
-Իսկ ի՞նչ նվերներ եք մատուցում Ձեր ընտանիքի անդամներին:
-Նվերներ ընդհանրապես չեմ անում եւ չեմ էլ սիրում, երբ ինձ են անում, ձեւական եմ համարում: Ես նվեր չե՞մ իրենց համար, կամ իրենք նվեր չե՞ն ինձ համար, էլ ի՞նչ նվեր (ծիծաղում է):
-Այդ դեպքում, որն է եղել մանկության տարիներին ստացած ամենահիշարժան նվերը Ձմեռ պապից:
- Ֆուտբոլի գնդակը:
-Իսկ ո՞րն է եղել Ձեր նվիրած ամենահիշարժան նվերը:
-Երեւի թե` խաղալիքներ երեխաներին: Ես ամեն օր էլ կարող եմ նվեր գնել երեխաներիս, օրինակ` տուն գնալուց մի խանութ մտնեմ եւ մի խաղալիք գնեմ, այսինքն` հատուկ Նոր տարվա համար չէ: Երեխաների համար ձեւականություն չեմ համարում նվերներ նվիրելը:
- Այսօր շատ մարդիկ կան, ովքեր վարկ են վերցնում Նոր տարվա սեղան գցելու համար, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:
-Այո, դա մեր մենթալիտետին բնորոշ է, գենետիկորեն մեր մեջ կա, որ եթե հյուր ես ընդունում, նորմալ պետք է հյուրասիրես, բայց, կարծում եմ, որ պետք է ավելի թեթեւ նայել այդ ամենին, այդ կոմպլեքսներից պետք է դուրս գալ, ամեն մարդ իր հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անի:
-Ձեր ամանորյա սեղանից ե՞ւս ավանդական բուդն անպակաս է:
-Երեւի գիտեք` ես տաշիրցի եմ, եւ դա մեզ մոտ ավանդական չէ: Երբ արդեն տեղափոխվել եմ Երեւանի` երբեմն խոզի բուդ դրել ենք սեղանին, երբեմն` ոչ: Բայց ես չեմ հիշում դեպք, որ որեւէ անգամ օգտագործված լինի այդ խոզի բուդը:
-Իսկ որո՞նք են Ձեր նախընտրելի ուտեստները:
-Վինեգրետ եւ խաղողի թփով տոլմա:
-Պարո'ն Կարապետյան, որո՞նք են Ձեր ամանորյա ցանկությունները:
-Հայաստանի համար ցանկանում եմ խաղաղություն եւ մի քիչ էլ դինամիկ զարգացում: Ինձ համար էլ` հոգու հավասարակշռություն, որը բազմաթիվ բաների հանրագումարն է` ե'ւ նյութականի, ե'ւ ընտանեկան խաղաղության:
- Պաշտոններ, գումարներ չե՞ք ցանկանում Ձմեռ պապից:
- Ես պաշտոններ էլ եմ ունեցել եւ կարծում եմ, որ պետք լինի` կրկին ունենալու եմ: Գումարներ էլ եմ ունեցել, իհարկե, երբեմն եղել է, որ չեմ ունեցել` անգամ ընտանիքի կարիքները հոգալու համար: Այսինքն` ես չեմ զարմանա, եթե որեւէ օր ունենամ կամ չունենամ. կյանքն այդպիսին է` երբեմն չնախատեսված անակնկալներ է մատուցում: Նյութականը շատ ֆետիշացնելը, որը մեր իրականության մեջ արմատավորված է, շատ սխալ է, եւ կցանկանայի, որ այդ հոգեբանությունը կամաց-կամաց փոխվեր: Ի վերջո, մեր շարժիչ ուժը մեր հոգեւոր արժեքներն են եւ դրանք կրողները: Չպետք է հաստավիզները եղանակ ստեղծեն, ու երեխան ձգտի ոչ թե հաստավիզ լինել, այլ ձգտի ինտելիգենցիայի ներկայացուցիչներին նմանվել:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը