կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 11:29
Մշակույթ

Ֆրանսաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակի շնորհանդեսը

«Երևանյան Էսքիզ» գրախանութում տեղի ունեցավ ֆրանսաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Մտերմիկ մթնոլորտում հեղինակը ներկայացրեց յուրաքանչյուր երգի ստեղծման պատմությունը և մակագրեց ներկաների համար։ Միևնույն ժամանակ երկրորդ հարկում ներկայացված էին Մարինե մայրիկի՝ նկարչուհի Կարինե Հարությունյանի կտավների ցուցահանդեսը։ Թե’ Մ.Գյուլումյանի երգերը, թե’ Կ.Հարությունյանի կտավները ստեղծվել էին համավարակի պատճառով մեկուսացման պայմաններում։

«Մեկուսացման օրերը ինձ համար լի էին նոր երգերի ծննդով, որոնք պարբերաբար կիսվեցի իմ երկրպագուների  հետ՝ անդադար ներկայացնելով դրանք նոր ձևաչափով։

Ինձ համար էլ էր բացահայտում, քանի որ չէի պատկերացնում, որ պարփակված պայմաններում հնարավոր է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ նոր երգ ներկայացնել՝ նոր գործիքավորման և նոր  «տեսահոլովակի» տեսքով, որոնց վրա գիշեր-ցերեկ աշխատում էի միայնակ, հեռահար՝ համակարգչի առջև  (իհարկե իմ գաղափարի շուրջ հավաքելով մի շարք հիանալի երաժիշտների, որոնք սիրով միացան ինձ օնլայն հարթակում)։

Դրա արդյունքում ունեցա 10 նոր երգեր, որոնք սիրվեցին երաժշտասեր հասարակության կողմից և տեղ գտան իմ նոր՝ թվով չորրորդ ձայնասկավառակում։

Այն իր տեսակով եզակի է, քանի որ ստեղծվել է արտասովոր պայմաններում՝ հեռախոսային ձայնագրություններով, բայց արվել է ամբողջ սրտով՝ ջանք ու եռանդ չխնայելով և հուզել  հարյուր հազարավոր մարդկանց... Պարփակված լինելու պայմաններում ստեղծագործելն ինձ համար մեծ հաճույք էր, որն անում էի ողջ եռանդով՝ գիտակցելով, որ իմ ստեղծագործությունները կարող են երաջանկացնել կամ սփոփել մեկ ուրիշին, ովքեր փակվելով տանը, գուցե դեպրեսիայի շեմին են։

Այսպիսով՝ 2 ամիս անդադար փակված ստեղծագործելու արդյունքում այսօր ունեմ «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակը, որտեղ մասնակցություն են ունեցել Իվետա Մուկուչյանը՝ «Երկար գարուն» երգով, Ֆրանսիայից՝ շնորհալի Էրմոնիան՝ «Հանդիպում» և «Կլեոպատրա» երգերով (որը, ի դեպ, գրել եմ Շառլ Ազնավուրի տեքստի հիման վրա, իր իսկ առաջարկով «Éditions Raoul Breton» ընկերությունում աշխատելուս տարիներին), Վալանսից՝ անկրկնելի Անգինեն, Բրյուսելից՝ Տիգրան Խանջարյանը՝ «Հին ու նոր Հայաստան» երգով, և վերջապես աղջիկս՝ Մադլենը, «Լա Բոհեմը» երգով (որը ձայնասկավառակի վերջին բոնուսային երգն է, և այս կատարումը մեծ արձագանք է ստացել Ազնավուրի պաշտոնական կայքում):

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև բոլոր երաժիշտներին, ովքեր սիրով մասնակցեցին այս պրոյեկտում և չնայած հոգեպես դժվար պայմաններին՝ իրենց մեջ ուժ գտան և դրական էմոցիաներով լցրեցին մյուսների՝ մռայլ ու հուսալքված առօրյան (Արտյոմ Մինասյան՝ դուդուկ, բլուլ, Ժուլիեն Թեքեյան՝ հարվածայիններ, Ջեֆ Թեքեյան՝ բաս կիթար և ամուսինս՝ Ադրիան Տաբանու՝ ակուստիկ և էլեկտրոնային կիթառ)։

Երջանիկ եմ, որ այս նախաձեռնությանը սատար է կանգնել  «My Ouai » կազմակերպությունը (ղեկավար՝ Ժան Միշել Կամֆ), ով իր բարի գործով օգնում է Գյումրիում հայ մանուկների բուժմանն ու Մեծ Մասրիկում դպրոցաշինությանը»։

Ձայնասկավառակը առկա է համացանցի բոլոր հնարավոր հարթակներում՝ iTune, Spotify, TikTok, Amazon, YouTube և այլն), ինչպես նաև՝ «Երևանյան Էսքիզ» գրախանութում (Տերյանի 105/1)։