կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 16:05
Իրավական

''Հրեշտակների գումարտակը''` ոստիկանության այս տարվա ձեռքբերում

''Հրեշտակների գումարտակը''` ոստիկանության այս տարվա ձեռքբերում

ՀՀ ոստիկանության համար 2012-ի մեծ ձեռքբերումներից է հանրապետության տարբեր ճանապարհներին, ինչպես նաև քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկների և արագաչափերի տեղադրումը:  Այս և այլ բարեփոխումներ yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում առանձնացրեց ոստիկանության  հասարակության և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը:

 

Ոստիկանության  այս տարվա ձեռքբերումներից է նաև «Հրեշտակների գումարտակի»  ստեղծումը, որի առաքելությունն է հասարակական կարգի պահպանումը,  ոստիկանության հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքը փոխելը: Գումարտակի 60 անդամներ` կանայք, աղջիկներ և տղաներ,  ծառայություն են իրականացնում  հատուկ ոստիկանական համազգեստով:

 

Կարևոր ձեռքբերումներից է  նաև ոստիկանության կայքէջի` police.am-ի թարմացումը նոր տեխնիկական հնարավորություններով,   ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ ուղիղ հարցուպատասխանի հնարավորությունը:  Այս բաժնում քաղաքացիները ոստիկանության պետին կարող են ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

 

Սակայն, ըստ երևույթին, այն իր հիմնական նպատակին չի ծառայում, քանի որ շատ քաղաքացիներ հարցուպատասխան բաժնում թողնում են գրառումներ, որտեղ արտահայտում են ոստիկանության կատարած աշխատանքի հանդեպ միմիայն իրենց գոհունակությունը: Օրինակ` «Շնորհակալություն հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու համար»« Ի շնորհիվ ՀՀ ոստիկանության պետի աջակցության՝ մեր դպրոցն ապահովվել է վառելափայտով»«Խոնարհվում եմ արդարությունը վերականգնողների առջև» և այլ գրառումներ: Այս դեպքում գուցե բաժինը անվանափոխվեր և կոչվեր շնորհակալությունների է՞ջ:

 

Ինչևէ, մենք առանձնացրեցինք 2012թ.ի ոստիկանության ձեռքբերումներից մի քանիսը, մնացածն, ամենայն հավանականությամբ կներկայացնի  ոստիկանապետը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: Իսկ ընդհանրապես ոստիկանության կատարած աշխատանքի մասին կարող են վկայել միայն մեր քաղաքացիները: