Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին ու ողջ հանրությանը «տնտեսական բնույթի կարևոր լուրեր» էր հայտնել.
«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով՝ գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած էական աճ է արձանագրել»:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին՝ ներկայացրել էր այդ աճի թվային պատկերը՝ տեղեկացնելով, որ այս տարվա մարտին 2020թ․ մարտի համեմատությամբ 8 միլիոն 647 հազար ՀԴՄ ավելի է տպվել, որը գումարային կտրվածքով կազմում է 122 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահի խոսքով՝ առաջին եռամսյակին իրացման շրջանառությունը նախորդ տարվա առաջին եռամսյակից ավելի է 116.8 մլրդ դրամ (6 մլն 200 հազար գործարք ավելի):
«Սա, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային և պատերազմական տարվա համար»,- ամփոփել էր Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սակայն, սա Փաշինյանի և նրա կառավարության անհաջող փորձն է՝ նախորդ տարվա համավարակի դեմ պայքարի տոտալ ձախողումը հանրության վրա որպես ձեռքբերում վաճառելու:
«Նախորդ տարի մարտ ամսին համավարակին հեգնանքով վերաբերվելու, Սահմանադրական փոփոխությունների քարոզ կազմակերպելու և իրենց անլուրջ վարքագծի պատճառով, մարտ ամսին արդեն ստիպված եղան տնտեսությունը ենթարկել լոքդաունի, և այժմ 2021թ. մարտ ամիսը համեմատում են ամբողջությամբ սահմանափակման մեջ մտած 2020թ. մարտ ամսվա հետ՝ ասելով, թե 8 տոկոս աճ կա: Իրենք նախորդ տարվա ձախողումները փաթեթավորում և վաճառում են՝ որպես ձեռքբերում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե կարող են ասել, որ աշխարհի ամենատարբեր երկրներում են եղել նման սահմանափակումներ, լոքդաուններ, նա արձագանքեց. «Ուրեմն, նախ պետք է արձանագրեին, որ, ի վերջո, համեմատում են հենց այդ ժամանակահատվածի հետ, և այդ աճը իրականում դրանով է օբյեկտիվ բացատրվում:
Իսկ համաշխարհային տնտեսությունը 2020թ. կրճատվել է 3.5 տոկոսով, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը՝ երկու անգամով ավել՝ 7.6 տոկոս»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև գնաճի գործոնի մասին՝ նկատելով, որ 5-6 տոկոս գնաճ ունենք, ու «եթե այդ գնաճը հանում ենք, իրական շրջանառությունը, ըստ էության, չի էլ աճել, նույնիսկ համեմատած 2020-ի առաջին եռամսյակի հետ, երբ տնտեսությունը գտնվում էր լոքդաունի մեջ»:
Խոսելով Փաշինյանի կողմից նմանատիպ հայտարարությունների ենթատեքստերի մասին՝ տնտեսագետը նկատեց. «Դեռ վիճակագրությունը չկա, հրապարակված չէ, և վարչապետն ակնհայտորեն պատվեր է իջեցնում վիճակագրությանը, որ՝ տեսեք, այս թվերն արդեն հայտարարեցինք, և, համապատասխանաբար, նկարը լինի դրան համարժեք:
Արդեն դեպի նախընտրական փուլ՝ մենք պետք է հիշենք, որ այս համեմատությունները, որ բերելու են և ի ուրախություն մեզ ներկայացնեն, համեմատվում են արդեն ճգնաժամի մեջ գտնվող և համատարած լոքդաունի ժամանակահատվածի հետ: Ակնհայտ է, որ տապալել են կառավարումը, և ձեռքները մեկնել են փրփուրներին»:
Այս համատեքստում Թադևոս Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց Համաշխարհային բանկի վերջին գնահատումների վրա. «Աղքատության մակարդակը շեշտակի ավելացել է. նախորդ 20 տարիների համեմատ՝ 2020 թվականին աղքատության մակարդակի ամենաբարձր աճն է գնահատվել:
Բոլոր այն գործոնները, որոնց հիմքով 2020թ. գնահատել են մոտ 8 տոկոսային կետով աճ՝ այսինքն՝ հատել ենք 30 տոկոսի շեմը, այդ նույն գործոններն ավելի խորացված տեղափոխվել են 2021 թիվ, և ամեն օր այդ գործոնները խորանում են՝ գնաճ, զբաղվածության մակարդակի կրճատում, իրական եկամուտների կրճատում:
Եվ, հետևաբար, եթե մենք 2021 թվականն այս տեմպերով փակենք, ունենալու ենք մոտավորապես 40 տոկոս, այսինքն՝ համարյա ամեն երկրորդ մարդը մեր երկրում դառնալու է աղքատ, և սա արդեն հումանիտար աղետն է»: