Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաժակ Դրամփյան ֆոյբուքյան իր էջում գրել է. «Երեկ ռուս բարդ երգիչ Սերգեյ Նիկիտինը և յուր տիկինը խաղում էին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։ 100.000 ռուբլու համար հարցը հետևյալն էր՝ որ երկրի օդանավակայանն է կոչվում երկնային հրեշտակների պատվին։
Միայն երկու օգնության հնարավորություններն օգտագործելուց հետո նրանք կարողացան ճիշտ պատասխանել։
Երևի թե աշխարհում չկա ոչ մի օդանավակայան, որ նման գեղեցիկ ու քնարական ձևով կոչվի` երկնային զորքերի՝ հրեշտակների անունով։ Հա, ու որ հիշում եմ երկու տարի առաջ ոնց էին իրար դոշ տալիս, որ անվանափոխեին, ներվերս չէին դիմանում։
Մի առիթով գրել էի, հիմա նորից ներկայացնեմ Զվարթնոց անվան ծագումնաբանությունը։
ԶՎԱՐԹՆՈՑ ԲԱՌԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍԻՆ
Հավանաբար շատերին է հետաքրքրում, թե ինչ է նշանակում «Զվարթնոց»։
Զվարթնոց բառը հայերենը ժառանգել է գրաբարյան «զուարթուն» ձևից, որը ունի «հրեշտակ» (տե՛ս Հայկազյան լեզվի բառարան), «արթուն հսկող» (տե՛ս Գրաբարի բառարան, Ռուբեն Ղազարյան) նշանակությունը։ Իսկ –ոց-ը, ինչպես գիտենք, տեղ ցույց տվող վերջածանց է։ Այսինքն՝ Զվարթնոց նշանակում է զվարթունների՝ երկնային զորությունների, ասել է, թե հրեշտակների հավաքատեղի։
Տաճարին այդպես է կոչել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՈՉՎԵՑ ԶՎԱՐԹՆՈՑ
Այստեղ ուզում եմ նաև ներկայացնել մի պատմություն, թե որց Կարեն Դեմիրճյանը «հաջողացրեց», որ օդանավակայանն անվանվի Զվարթնոց։
Կառուցումից ի վեր օդանավակայանը կոչվում էր Արևմտյան օդանավակայան։ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի համար օդանավակայանի անվան հարցը իրական խոչընդոտ էր: Այդ թվականների Հայաստանի ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի հուշերից տեղեկանում ենք, որ աշխարհում չգրված օրենքի համաձայն՝ օդանավակայանի անունը դնում են դրա գտնվելու վայրի անունով, և այդ տրամաբանությամբ մեր օդանավակայանը պետք է կրեր Փարաքար, Արգավանդ կամ Արբակ անուններից մեկը։ Սակայն Դեմիրճյանը հակված էր անվանափոխելու օդանավակայանը Զվարթնոց, քանի որ մյուս 3 անունները հայկական չէին։ Կարդալով Զորի Բալայանի հուշերը՝ տեսնում ենք, թե Մոսկվան ինչպես էր փորձում խոչընդոտել ու չթողնել, որ օդանավակայանն ունենա «Զվարթնոց» անվանումը։
«ԽՄԿԿ ԿԿ-ի համապատասխան բաժինը անհամաձայնություն էր արտահայտել Հայաստանի օդանավակայանը «Զվարթնոց» անվանելու որոշմանը, որից, ըստ Միխայիլ Սուսլովի, «տերտերականության» հոտ էր փչում։ Ի դեպ, հարցը հասել էր մինչև Սուսլովին, որն էլ զանգահարել էր Կարեն Դեմիրճյանին։
Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարի համար անսպասելի չէր Մոսկվայի նման արձագանքը և նա Սուսլովին պատասխանել էր․ «Քարոզչական նպատակներով մենք պատերազմ ենք հայտարարել կոսմոպոլիտիզմի դեմ։ Եվ իհարկե, չի կարելի այսուհետ էլ հանդուրժել, որ Երևանյան օդանավակայանը կոչվի այնպիսի կոսմոպոլիտական անվամբ, ինչպիսին «Արևմտյանն» է։ Դրա համար էլ որոշեցինք այն փոխարինել «Զվարթնոց» ուրախ անունով»։
-Իսկ ի՞նչ է նշանակում այդ բառը, - ոչ առանց նենգամտության հարցնում է Սուսլովը։
-Նշանակում է «ուրախ», «զվարթ», «առույգ»:
Իսկ Կարեն Դեմիրճյանն, իհարկե, գիտեր Զվարթնոց բառի իրական նշանակությունը (տե՛ս «Կարեն Դեմիրճյան», Զորի Բալայանի հուշերը, 2000 թ․, «Հայագիտակ»)։
Դե այսքանից հետո ո՞նց կարելի է չսիրահարվել Զվարթնոց անվանը»։