կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 14:11
Հասարակություն

Բուժհաստատությունները տնտեսական աճ են արձանագրել

Բուժհաստատությունները տնտեսական աճ են արձանագրել

Կառավարությունում այսօր ներկայացվեց առողջապահական ոլորտի բուժհաստատությունների` 2012 թվականի տնտեսական աճի եւ հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը:

 

Ըստ ներկայացված հաշվետվության` տնտեսական աճի մոնիտորինգի արդյունքների վերլուծությունից ստացվել է հետեւյալ պատկերը` ՀՀ առողջապահության նախարարության կարգավորման ոլորտում գործող բժշկական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններն են: Այդպիսի կազմակերպությունների թիվը, որոնք 2012թ. պետական պատվերի իրականացման պայմանագիր են կնքել ՀՀ առողջապահության նախարարության հետ կազմում է 471:

 

Դրանցից վճարովի ծառայություններ իրականացնող կազմակերպւթյունների թիվը 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում է 257, որից 110-ը` հիվանդանոցներ, 100-ը` պոլիկլինիկաներ, առողջապահության կենտրոններ և բժշկական ամբուլատորիաներ, 47-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ: Ընդ որում, Երևան քաղաքում 91 կազմակերպություն, որից 47-ը` հիվանդանոցներ, 23-ը` պոլիկլինիկաներ, 21-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ: ՀՀ տասը մարզերում վճարովի ծառայություններ իրականացնում են թվով 166 բժշկական կազմակերպություն, որից 63-ը` հիվանդանոցներ, 77-ը` պոլիկլինիկաներ և 26-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ:

 

Նշված կազմակերպություններից 79-ը մասնավոր են, այդ թվում 32 հիվանդանոց, 3 պոլիկլինիկա և 44 ստոմատոլոգիական պոլիկլինիկա: 2012 թվականի տասն ամիսների ընթացքում վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների գումարը կազմել է 20.093,3 մլն.դրամ, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.419,7 մլն. դրամով, կամ 28,2%-ով: Վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 8.223,6 մլն. դրամ, կամ ընդհանուր եկամուտների 40,9%-ը, իսկ մասնավորներինը` 11.869,7 մլն. դրամ, կամ 59,1%:

 

Վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը 2011թ. տասն ամիսների կտրվածքով կազմել է 6.887,4 մլն.դրամ, կամ 43,9%, մասնավոր կազմակերպություններինը` 8.786,2 մլն.դրամ, կամ 56,1%: Ինչպես երևում է բերված թվերից, 2012թ. պետական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայություններից ստացած եկամուտների ծավալը ընդհանուր եկամուտների մեջ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,0 տոկոսային կետով, իսկ մասնավորներինը նույնչափ աճել է: 2012 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների ծավալը, որը կազմել է 16.113,7 մլն.դրամ և 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.780,7 մլն. դրամով կամ 20,9%-ով:

 

Երևան քաղաքի բուժհաստատությունների վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների աճի տեմպը կազմել է 23,0%, իսկ ՀՀ մարզերի բուժհաստատություններինը` 5,4%: Վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների աճի` Երևանի և ՀՀ մարզերի միջև անհավասարակշռությունը պայմանավորված է ժամանակակից բուժսարքավորումներով և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմով հագեցվաց բուժհիմնարկների` մայրաքաղաքում կենտրոնացված լինելու հանգամանքով, ինչի հետևանքով որակյալ բուժօգնություն և սպասարկում ստանալու համար մարզերի բնակիչները հաճախ ստիպված են լինում դիմել Երևանյան կլինիկաներ:

 

Այս հիմնախնդիրը, որպես առողջապահության ոլորտի գերակա ուղղություն ներառված է ՀՀ կառավարության 2012-2017 թ.թ. ծրագրում, որով նախատեսվում է մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացման շարունակականության ապահովում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները: