կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 12:26
Իրավական

Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի

Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Վահագնը ազատ կարձակվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի: Այս մասին «Հետքին» հայտնել է Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:

 

«Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվեն ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, և դատարանն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝ դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնլ է փաստաբանը:

 

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերելու է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կվերաբերի մեծ թվով բանտարկյալների, և նախատեսում է պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով: Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից, և նա արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին:

 

Հիշեցնենք, որ Վահագնը Վրաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտել ենն 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է: 190 բանտարկյալներ, որոնք Վրաստանի խորհրդարանի կողմից ճանաչվել են քաղաքական հալածյալներ, ազատ կարձակվեն, և նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները կհանվեն: Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չընդգրկեց որոշ պատգամավորների ելույթներից հետո: Սակայն խոստացել են վերանայել Վահագնի գործը: Տոներից հետո պարզ կդառնա, ի վերջո, Վահագնին կընդգրկե՞ն քաղբանտարկյալների ցուցակում, թե՞ ոչ: Ի դեպ, Չախալյանի գործն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: