կարևոր
2797 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 20:59
Քաղաքական

Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա․ Վահագն Չախալյանը ազատվեց տնային կալանքից

Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա․ Վահագն Չախալյանը ազատվեց տնային կալանքից

«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ազատության մեջ է:
 
«Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ։

Քչերը գիտեն, որ սա իմ առաջին տնային կալանքը չէ։ 2000 ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, էլի քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինձ տնային կալանքի է տարել Ազգային Անվտանգության Ծառայությունը, որն այդ տարիներին ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։

Բայց հիմա խոսքս անցածի մասին չէ, խոսքս ներկայի և ապագայի մասին է, առավել ևս, որ այն, ինչ մեզ չի սպանում դարձնում է ավելի ուժեղ։

Իմ կալանքներն առոչինչ են, երբ այսօր մի ամբողջ ազգ է բանտարկված՝ Հայաստանից ներս և Հայաստանից դուրս։

Նախ առաջին հերթին ազատություն եմ մաղթում մեր պայքարի ընկերներ Գերասիմ Վարդանյանին, Կարապետ Պողոսյանին և մնացած քաղհալածյալներին , քաղբանտարկյալներին և բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին։

Երկրորդ հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր հրապարակային և ոչ հրապարակային սատարեցին ինձ, մեզ, մեր պայքարին։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել փաստաբաններիս՝ Վահան Հովհաննիսյանին և Ալեքսան Թումասյանին։

Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել իմ մարտական, կուսակցական և պայքարի ընկերներին՝ դուք անկրկնելի եք և արժանի եք հաղթանակի և հզոր Հայաստանի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայամետ լրագրողներին, ովքեր այս օրերին չթողեցին մեր հանդեպ տեղի ունեցած անարդարությունը մոռացության մատնվի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին, մեր տատիկներին ու պապիկներին, մեր հայրիկներին ու մայրիկներին, մեր քույր-եղբայրներին բոլոր նրանց, ովքեր այս դժվարին օրերին չե՛ն լքել և չեն պատրաստվում լքել Հայաստանը, ապրում են Հայաստանում և Հայաստանով, ուզում եմ ասել, որ անկախ մեր քաղաքական հայացքների տարբերությունից, ես սիրում եմ ձեզ և մեր պայքարը նաև ձեր զավակների համար է և մեր անխուսափելի հաղթանակի շահառուն անպայմանորեն դուք և ձեր զավակներն էլ են լինելու։

Ուզում եմ նաև ընդգծել, որ ճիշտ է մեզ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ մեկուսացնել հաջողվեց, բայց ստիպել, որ մեր պայքարից հրաժարվենք չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու։

Մեր պահանջները և Արցախահայության արժանապատիվ վերադարձի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և լայնածավալ համաներման և ԴԱՀԿ տեռորի վերացման և տաքսիստների խնդիրների կարգավորման մասով ուժի մեջ են, ավելին, տնային կալանքի ընթացքում ես ի մի եմ բերել վերջին տարիներին ՀՀ քաղաքացիներից լսածս խնդիրներն ու պահանջները, սղագրել եմ դրանք և վստահ եմ, որ շուտով կխոսեմ նաև դրանց մասին։

Մի խոսքով Պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև արժանապատիվ և տրամաբանական հաղթանակ։

Եվ վերջում ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կամքականներին և ասել, որ ձեր կամքը պողպատից էլ է ամուր, որ դուք ուրի՛շ եք, որ իսկապես ձեր պայքարի միակ ակնկալիքը Հայաստանի հզորացումն է, Հայաստանի շահն է ու միակ շահառուն հայ ազգն է, ՀՀ քաղաքացին է։

Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա»,- գրել է Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում: