Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 22-ին, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը համագումար էր անում` նպատակ ունենալով պաշտոնապես հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և գալիք նախագահական ընտրություններում նրան սատարելու մասին (չնայած մինչ այդ` 2011-ի կոալիցիոն հուշագրով այդ պարտավորությունն արդեն իսկ ստանձնել էր), թերևս ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ՕԵԿ-ի հարուցիչով բորբոքված «սատարախտ» հիվանդությունը մեզանում կխորանա այնքան, որ ձեռք կբերի նաև անպատկերացնելի դրսևորումներ:
Համագումարում կուսակցության առաջնորդի բերանով հնչած այն խոստումը, թե նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն իր կուսակցական հնարավորությունները կներդնի` ապահովելու համար նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի հաղթանակը, հանրության շրջանում ընդունվեց իբրև «մեծ եղբորը» շողոքորթելու մի սովորական արտահայտություն, որով այս կուսակցությունը վերջին տարիներին համակված է այնչափ, որ դա այլևս ուշադրության չի արժանանում համարյա նույն կերպ, ինչպես որ այս քաղաքական ուժի գոյությունն է աննկատելի քաղաքական դաշտում:
Սակայն շուտով սատարախտը նոր մետամորֆոզ տվեց, և այս անգամ դա հիրավի անպատկերացնելի էր ու աննախադեպ, կարծում ենք` նույնիսկ միջազգային մասշտաբով: ՕԵԿ-ը որոշել է, ոչ ավելի ոչ պակաս, նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի օգտին իր սատարչական գործողությունները կազմակերպելու համար… նախընտրական շտաբ բացել: Նույնիսկ շտաբի պետ է նշանակվել, որից ենթադրվում է, թե այս կուսակցությունում այնքան լրջորեն են տրամադրված առաջիկա ընտրություններում իրենց դերակատարության կարևորության հանդեպ, որ հետևում են շտաբային կառուցվածքի ողջ տրամաբանությանը:
Անշուշտ, շուտով նաև գրասենյակներ կբացվեն երկրով մեկ, և ՕԵԿ-ական քարոզչամեքենան գործի կգցվի: Դժվար է ասել` միջազգային պրակտիկայում հայտնի՞ է մեկ այլ դեպք, երբ որևէ քաղաքական ուժ, մեկ այլ ուժի թեկնածուի սատարելուց բացի, նաև նախընտրական շտաբ է բացում նրա համար, բայց որ մեր իրականության մեջ դա հնարավոր դարձավ, փաստ է:
Ի դեպ, երբ ՕԵԿ համագումարի օրը տեղեկություններ հայտնվեցին, թե այս կուսակցությանը մայիսյան ընտրություններից հետո «վերանդամագրվել» և նոր անդամագրվել է ավելի քան 71 հազար մարդ, զարմացանք. ՕԵԿ-ի ինչի՞ն է պետք այս ուռճացած թիվը, չէ՞ որ ամիսներ առաջ թվերի հետ կապված մեկ այլ ձեռնածություն նրան պարզապես խայտառակել էր: Հետո միայն հասկանալի դարձավ նոր թվի «տրամաբանությունը». բացի այն, որ այդ թիվը համարյա ճշգրտորեն համապատասխանում է մայիսյան խորհրդարանական ընտրություններում կուսակցության հավաքած ձայների թվին, հետևաբար իրատեսականության պատրանք է ստեղծում, նույն այդ թիվը խորհրդանշում է նաև այն «պատկառելի» օժանդակությունը, որ բերելու է ՕԵԿ-ը ՀՀԿ-ի թեկնածուին ընտրության ժամանակ: Հաշվարկը միանգամայն պարզ է` Ս. Սարգսյանին ՕԵԿ-ը կբերի նվազագույնը 70 հազար ձայն, իսկ նախընտրական շտաբի նպատակը կլինի այդ թիվը կրկնապատկելն ու եռապատկելը:
Դժվար է միանշանակ պնդել, թե նախընտրական շտաբ բացելու` ՕԵԿ-ի որոշումից Հանրապետական կուսակցությունում հիացած են: Բացի այն, որ այդ տարօրինակ շտաբը հարուցում է բազմաթիվ ՀՀԿ-ականների քմծիծաղն ու զարմանքը, նրանցից շատերին ուղղակի չի կարող չմտահոգել նաև ՕԵԿ-ական «սատարումներից» սեփական վարկանիշի անկման շատ մեծ հավանականությունը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ