Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Պարո'ն Բեգլարյան, ինչպե՞ս եւ որտե՞ղ եք նշելու Նոր տարին:
- Երեւի գիտեք` այս տարի կորցրել եմ հորս, իսկ ծնողին կորցրած յուրաքանչյուր հայ ընտանիք առաջի տարին անպայման պետք է տանն անցկացնի: Բացի այդ` առհասարակ սիրում եմ Ամանորն անցկացնել տանը, իսկ հաջորդ օրվանից կազմակերպել իմ հանգիստը տարբեր երկրներում: Այս տարի դա էլ չեմ կազմակերպելու, ոչ մի արտերկիր չեմ գնալու, մնալու եմ տանը եւ աշխատանքի եմ գնալու արձակուրդներից անմիջապես հետո: Սիրում եմ 31-ի գիշերը անպայման լինել տանը, որովհետեւ արտերկրում, նամանավանդ` արաբական երկրներում, հայկական Ամանոր չի նշվում, իսկ Ամանորն այնքան լավ ընտանեկան միջոցառում է: Դեռ ծնողներից եկած սովորություններ ունենք, որ պետք է տարին սկսել նորմալ, պարտքեր չպետք է ունենաս, եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան խոստացել ես, արագ պետք է լուծես:
-Իսկ մե՞ծ գումարներ եք ծախսում այդ օրերին:
-Ես ճոխությունների սիրահար չեմ, քչով բավարարվող մարդ եմ: Բայց կյանքում մեկ-մեկ բաներ ես անում, որպեսզի խոսակցություն չգա (ծիծաղում է): Այսինքն` երբ ճոխ սեղան ես ուզում ունենալ, դա մենակ նրա համար, որ մեկը չգա, մտնի ու ասի` տեսա՞ր` ինչ սեղան էր դրել` վատ իմաստով... Այսինքն` հասարակական կարծիքով, կողքինների կարծիքով մենք շատ ենք ապրում: Ես, օրինակ, արտասահմանում շատ հասարակ եմ պահում ինձ, հանգիստ եմ զգում, կարող եմ օգտվել ամենասովորական սրճարաններից, ինչու չէ` ուղղակի հանգիստ նստել ու խմել: Այստեղ` Երեւանում, շատ ենք ցուցամոլություն անում: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի վրա ծախսելուն, մենք բոլորս` որպես հայ տղամարդ, ամեն ինչ անում ենք ընտանիքի համար: Եթե մի բանի կարիք կա, դու պետք ա աշխատես, որ դա պակաս չլինի, բայց թե դա ի՞նչ արժի` չեմ նայում... Օրինակ` ընկերներ ունեմ, գնում ենք ռեստորան, մենյուն նայում են, ես էլ գիտեմ` ուտելիքներ են նայում, մեկ էլ գներն են ասում` վայ էս ռեստորանում ավելի թանկ ա, քան էն մեկում (ծիծաղում է)... Չգիտեմ լավ ա, թե` վատ, բայց ես գին նայած չկամ, չեմ նայել` որտեղ ա թանկ, որտեղ էժան: 18 տարեկանում էլ գին չեմ նայել, 20-ում էլ, 22-ում էլ... Փորձել եմ աշխատել այնքան, որքան կբավարարի մեր հոգսերը հոգալուն, ու որ հասարակությունը մեզ նորմալ կնայի:
-Երեւի Ամանորին եւ առհասարակ ստացած նվերների գներն էլ չեք նայում:
-Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում. լավ խոսք է: Ես շատ ուրախանում եմ նվեր ստանալուց, բայց երբեք նվերի արժեքը չեմ նայում, որովհետեւ գնահատում եմ մարդկային վերաբերմունքը, ու ինձ համար ամենակարեւոր հատկանիշը մարդկային վերաբերմունքն է: Իսկ նվերը մեծ վերաբերմունքի նշան է, ամեն մարդ իր չափով է նվեր տալիս, գնին նայելը սխալ է:
-Ամենահիշարժան նվերը, որ ստացել եք Ձմեռ պապից:
-Երեխա ժամանակվանից հեքիաթներին չեմ հավատում: Երբեք չեմ հավատացել նաեւ Ձմեռ պապին, ու ինձ ինչ տվել են, ես հասկացել եմ, որ դա իմ ծնողներ են տալիս: Ես Ձմեռ պապին չեմ հավատացել, ես միշտ հավատացել եմ իմ ծնողներին:
-Իսկ ի՞նչ եք նվիրում Ձեր երեխաներին, կնոջը...
- Սիրում եմ նվեր տալուց գուշակել, թե այդ մարդն ինչի կարիք ունի: Օրինակ` ուզում եմ հասկանալ, թե տղաս ինչ կուզենար, որովհետեւ իմ երեխաները իրենց կյանքում ընդհանրապես ոչինչ չեն ուզել, երեւի իրենք էլ քչով բավարարվող են, աչքածակ չեն: Շատ եմ ուրախանում նվեր տալուց, բայց ավելի շատ ուրախանում եմ, երբ կարողանում եմ գուշակել` դիմացինին ինչ տամ, որ շատ հաճելի լինի: Այսինքն` երկու երնեկ մի տեղ լինի, հա'մ իմ վերաբերմունքը զգա, հա'մ էլ` նվերի քաղցրությունը: Այս տարի դեռ չեմ որոշել` ինչ եմ նվիրելու: Երեխաներիս նվեր ընտրելու հարցում ավելի ազատ ու հանգիստ եմ, իսկ այ կնոջս դեպքում միշտ փորձում եմ լինել ուշադիր ու այնպիսի նվեր տալ, որ հա'մ հետաքրքիր լինի իր համար, հա'մ էլ վերաբերմունքը զգա:
-Իսկ Դուք նվերներ ստանո՞ւմ եք, ի՞նչ են Ձեզ նվիրում:
-Իմ ուզածը մի բան է` վերաբերմունք իմ ընտանիքի անդամների կողմից, որ ես միշտ ունեմ, դա ինձ համար ամենամեծ նվերն է:
-2013թ.-ի Ձեր ցանկությունները:
-Ամենակարեւորը մի բան եմ ցանկանում թե' ինձ, թե' ընտանիքիս բոլոր անդամներին` առողջություն, մնացած ամեն ինչ կյանքի մարտահրավերներ են, որ մենք պետք է հաղթահարենք: Ես ուզում եմ, որ հայ մարդիկ ինչքան իրենց ընտանիքն են սիրում, գոնե դրա կեսի չափ սիրեն իրենց պետությունը, ժողովրդին, այդ դեպքում, հավատացեք, խնդիրներ չենք ունենա:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը