Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորից բարեւ, արդեն միլիոն տարի բարեւ, Ձմեռ Պապ, հուսամ, անցնող տարին հաջող տարի էր քեզ համար, չես նեղվել, չես տխրել, քո հարազատներից ոչ մեկին չես կորցրել, ապրել ես ուզածիդ պես, պատերազմի մեջ չես եղել, ոչ մեկը ՊՊԾ չի գրավել,ոչ մեկը չի ազատազրկվել, բոլոր ծանոթներդ ողջ եւ առողջ են, ու քո թագավորությունում ցուրտն այսքան անտանելի չէ եւ մարդիկ բարեկիրթ են…
Բարեւ, սիրելիս, ամեն տարի գրում եմ քեզ ու սպասում, իսկ դու չես պատասխանում, բայց գալիս ես տարեվերջին, բերում նվերներ, խաղալիք, զիզիբիզիներ, տոնածառ ենք զարդարում, վրան կախելով մեր հույսը, սպասելիքը, երազանքը, մի քիչ խմում ենք, ավելի քիչ ուտում ու խոզի պես հաստանում մի քանի օրում։
Ամեն տարի նույնը, բայց շարունակում ենք հուսալ, սպասել, ուրախանալ, հավատալ քեզ ու քո հրաշքին։
Մեր բոլորի հավաքական հավատն է քեզ դարձնում Ձմեռ Պապ, իսկ մեզ՝ մանուկներ, ու ես ուրախ եմ, որ դու կաս, ես սպասում եմ քեզ եւ գիշերը դեռ բարձի տակ փնտրում եմ քո անակնկալ նվերը, դեռ սպասում եմ հրաշքի։
Քեզ հավատալով ինքս ինձ եմ հավատում, չեմ ուզում կորցնել քեզ՝ ինքս ինձ չկորցնելու համար։
Բարեւ, Ձմեռ Պապ, դու նորից գալիս ես, եւ ամբողջ աշխարհը սպասում է, որովհետեւ դու մի տեսակ շատ ես անաղարտ, մնա այդպիսին, որպեսզի հիասթափությունը մեզ չհաղթի, մնա բարի ու բեր նվերներ, ոչինչ, որ դրանք իմ ուզած նվերները չեն, ոչինչ, ես իմ ուզածը ինքս կստեղծեմ, արի ու նորից թող խաբված լինեմ։
Դե ինչ, նամակս այս տարի մի քիչ մեծական ստացվեց, Ձմեռ Պապ ջան, քո ամեն գալ-գնալու հետ աչքերս բացվում են, ներող եղիր։ Այս տարին պիտի դարձնես բացառիկ, էլ չես խաբելու մանդարանի հոտով ու տոնածառով, այս տարի պիտի կատարես իմ մեծական երազանքները։
Ձմեռ Պապ, սիրելիս, երեք երազանք ու կարդարացնես իմ հավատը։
Առաջին՝ իմ երկրին բեր խաղաղություն,լուրջ, իրական,պինդ։
Երկրորդ՝ բոլոր զինվորները թող տուն վերադառնան ողջ-առողջ,
մայրերը պիտի վայելեն իրենց զավակներին եւ ոչ թե նրանց նկարները
Երրորդ՝ թող շատ երեխաներ ծնվեն եւ նրանց ծնողները թող ապրեն արժանապատիվ կյանքով:
Հ.Գ. Դե, եթե այս ամենից հետո դեռ ցանկություն կունենաս էլի նվեր բերելու, արա այնպես, որ վարկերս փակեմ ու ուրախ սրտով վայելեմ իմ երազանքի տունը…