կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 12:20
Հասարակություն

Երեխաները սպասում էին ոչ թե Ձմեռ պապին, այլ Ավոյին…

Երեխաները սպասում էին ոչ թե Ձմեռ պապին, այլ Ավոյին…

Ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանը այսօր կդառնար 56 տարեկան: Այսօր լրագրողների հետ զրույցում Մոնթեի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի նախագահ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց Մոնթեին` պատմելով նրա կյանքից մի քանի դրվագներ:

 

Մեծ կարգապահություն ու պահանջկոտություն` այսպես Մոնթեին բնութագրեց Ալեք Ենիգոմշյանը: Նա պատմեց, որ երբ Մոնթեն Մարտունու շրջանի հրամանատարն էր, նա ամեն օր շտաբում ժողով էր անում հստակ ժամին, պահանջում էր, որ ոչ ոք չուշանա, հակառակ դեպքում` ուշացողի աշխատավարձից պահումներ կարվեն: Եվ հանկարծ մի օր ժողովից ուշանում է հենց ինքը` Մոնթեն, բոլորը սպասում են, թե ինչ կասի, և առաջին բանը, որ նա ասում է` կարգադրում է պահել իր աշխատավարձից:

 

Ալեք Ենիգոմշյանը պատմեց նաև մի այլ դրվագ, որը ցույց է տալիս, թե երեխաները նրան ինչպես էին հարգում ու սիրում: 1992-1993թթ. ձմեռն էր, Մարտունին ռմբակոծվել էր, և շրջանի երեխաները հավաքվել էին համեմատաբար անվտանգ Գիշի գյուղում: Նոր տարվա հանդիսության առիթով միջոցառում էր կազմակերպվել` երեխաների մոտ պետք է դուրս գար Ձմեռ պապը: Այդ օրը դահլիճում էր նաև Մոնթեն: Եվ հանդիսավարի ավանդական հարցին` երեխանե'ր, հիմա ում ենք կանչում, երեխաները փոխանակ ասեն, որ Ձմեռ պապին են կանչում, միահամուռ գոչեցին` Ավոյին, Ավոյին: «Նա անգամ փոքր երեխաների մեծ սերն էր վայելում, որովհետև կարողացել էր բոլորի մեջ ներարկել հավատի, ուժի, հույսի գաղափարը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

 

Նրա խոսքով` Մոնթեին խորթ էր հուսալքության զգացումը, պատերազմի ամենադժնդակ օրերին, երբ ժողովուրդն ու հրամանատարական կազմը անգամ վստահ չէին, որ կարող են պահել Արցախը, Մոնթեն ոչ միայն վստահ էր, այլ քարտեզի վրա գծել էր այդ սահմանները, որոնք համընկնում են ներկայիս սահմաններին: