կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 18:14
Առանց Կատեգորիա

Նահանջ երգո՞վ, թե՞ տակտիկական հրադադար

Նահանջ երգո՞վ, թե՞ տակտիկական հրադադար

ԱԺ փոքրամասնությունը, կարծես, փոքրիկ հաղթանակ տարավ խորհրդարանում: Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քվեարկության մեխանիզմի և կառուցվածքի հետ կապված փոփոխությունների օրինագիծն անցավ, սակայն, դատելով ընդդիմադիր խմբակցությունների վերջնական հայտարարություններից, նախագծում վերջին պահին կատարվել են արմատական, սկզբունքային փոփոխություններ:

 

Թերևս խոսքը վերաբերում է ընդհուպ գրեթե սկզբնական վիճակին վերադառնալուն, ինչը նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը վերջին պահին, այնուամենայնիվ, որոշել է ռիսկի չդիմել և զիջումների գնալ ընդդիմությանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր վետոյի միջոցով էթիկայի հանձնաժողովում կայացվող որոշումների ու եզրակացությունների ընդունման արգելափակման նոր իրավունքի ամրագրմանը և մեծամասնության քվոտան ավելացնելուն: Այս բեկմանը ընդդիմությանը, թերևս, հաջողվեց հասնել իշխանության առջև փաստացի ուլտիմատում դնելու շնորհիվ: Նրանք հստակ պայման էին դրել, որ եթե ներկայացված փոփոխությունները չվերանայվեն, ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովից հետ կկանչեն իրենց ներկայացուցիչներին, ինչի հետևանքով այն փաստացի կդառնա անգործունակ: Մյուս կողմից` չի բացառվում, որ իշխանությունն, ի վերջո, հասկացավ, թե ինչպիսի լուրջ հետևանքներ կարող է ունենալ այս փոփոխության կատարման հարցում համառություն դրսևորելը:

 

Չպետք է մոռանալ, որ, ինչպես նշել ենք, էթիկայի հանձնաժողովները ձևավորվել են ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում: Եվ նման ոտնձգությունը, որը անխուսափելիորեն հանգեցնելու էր երկրի քաղաքական կարևորագույն պետական մարմնում շահերի բախման ինստիտուտի ներդրման առումով առանցքային նշանակություն ունեցող էթիկայի հանձնաժողովի փաստացի «ջրմանը», կարող էր իշխանության կոկորդին մնալ հենց ԵՄ-ի հետ ներկայումս տարվող բազմաբևեռ բանակցություններում, առավել ևս` նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս քայլը ԵՄ-ում կարող էին ընկալել իբրև նահանջ տրված խոստումներից, որը, այսպես թե այնպես, արտացոլվելու էր Հայաստանի նկատմամբ վերաբերմունքում: Հենց այս իրողությամբ է պայմանավորված էթիկայի հանձնաժողովի շուրջ ստեղծված այն եզակի իրավիճակը, երբ քաղաքական մեծամասնությունը փաստացի կախվածության մեջ էր հայտնվել փոքրամասնության դիրքորոշումից:

 

Բայց արդյո՞ք կարելի է առաջացած այս թնջուկը, իշխանության այս ամբիցիան հաղթահարված համարել: Նախ` կատարված վերաշտկումների հապճեպությունը դեռևս անգամ քվեարկած պատգամավորների համար հասկանալի չեն դարձրել, թե ինչ ծավալի վերանայումների մասին է խոսքը, և թե որքանով են դրանք հիրավի սկզբունքային: Երկրորդ` ինքնին նման նախաձեռնության ցուցաբերելով, անկախ հետագայում կատարված նահանջից, իշխանությունն ուղղակի մատնեց ԱԺ էթիկայի` քիչ թե շատ ինքնուրույն հանձնաժողովը շարքից հանելու իր շահագրգռությունը: Ինչը թույլ է տալիս կասկածելու, որ ցանկացած պահի, առավել բարենպաստ արտաքին գործոնների ու պայմանների առկայությամբ այն կարող է կրկին հարձակում գործել: Այսինքն` չի կարելի ամբողջությամբ վստահ լինել, որ, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ԱԺ մեծամասնությունը նոր արկածախնդրության չի դիմելու: Այնպես որ` խաղը դեռ ավարտված չէ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ