կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 14:15
Հասարակություն

ՍԴ որոշումը նահանջ էր. կուտակայինի դեմ պայքարողները գոհ չեն

ՍԴ որոշումը նահանջ էր. կուտակայինի դեմ պայքարողները գոհ չեն

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մանե Թանդիլյանն ու  Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրուցեցին Սահմանադրական դատարանի` կուտակային կենսաթոշակային  օրենքի վերաբերյալ որոշման մասին:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 7-ին ՍԴ-ն հրապարակել էր իր որոշումը ԱԺ 33 պատգամավորների դիմումների վերաբերյալ, ըստ որի` վերոհիշյալ օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բավարարվել են այն պահանջները, որոնք ներկայացրել են ԱԺ 33 պատգամավորը, Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության այն անդամներին, որոնք առ այսօր շարունակում են իրենց պայքարը և կանգ չեն առնում: Նա նշեց, որ երկու տարուց ավելի այս խնդրի վերաբերյալ տարվում են հետևողական աշխատանքներ, և այդ ընթացքը ուսուցողական էր թե\' հանրության, թե\' պատգամավորների համար: Պատգամավորի խոսքով` իրենց պահանջն է եղել, որ դիմումը քննվի բանավոր կարգով, որովհետև գրավոր կարգը պարզաբանումներ չի ներկայացնում:

«ՍԴ այս որոշումը Պիղատոսի քաղաքականությունն էր, երբ նա ասաց` ես չէ, որ պետք է որոշեմ` խաչել, թե չխաչել Հիսուսին: Ինչո՞ւ եմ այս կտրուկ գնահատականը տալիս, որովհետև ՍԴ-ից ակնկալիքն իսկապես ավելին էր: Գուցե չհիմնավորված լավատեսություն կար ինձ մոտ, բայց կարծում էի, որ ՍԴ-ն հետևողական կլինի իր իսկ կողմից կայացրած որոշումը կյանքի կոչելու գործում, սա հոյակապ առիթ կարող էր լինել, երբ հասարակության ընդվզող էներգիան կարող էր օգտագործվել երկրի բարօրության աճի համար: Տեսնելով այս որոշումը` ես հիասթափություն եմ ապրել ոչ միայն իրավական կարգավորման նորմերի մեկնաբանման առումով, այլև իրանակության մեջ այս որոշումը շատ վատ նախադեպ կարող էր լինել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա պնդում է, որ կուտակային համակարգի կիրառումը մինչ այժմ որևէ դրական արդյունք չի տվել մեր տնտեսությանը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօրվա իրականությունն այն է, որ, առանց հանրային ճնշման, հնարավոր չէ հասնել հաջողության: ՍԴ առաջին որոշումը արտացոլել է այն պահանջը, որը ներկայացվել է, բայց կառավարությունը չիրացրեց այն, իսկ երկրորդ անգամ ՍԴ-ն նահանջ արձանագրեց, և ՍԴ որոշումը շատ թույլ որոշում է: Տարիքային խտրականությանը գալով` ՍԴ-ն ներկայացնում է, թե դա իրավական կարգավորման խնդիր է, ինչը հասկանալի չէ:

«Գոհ չենք ՍԴ որոշումից, հենց դրա համար շարունակելու ենք պայքարը միջազգային ատյաններում»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Դավիթ Խաժակյանի խոսքով` ՍԴ-ն կայացրել է մի որոշում, որը կարող է վտանգավոր նախադեպ հանդիսանալ. խոսքը վերաբերում է ընթացակարգային նորմերի խախտմանը, երբ հանրային քննարկում չի անցկացվել: ՍԴ-ն հիմնավորել է, որ ընթացակարգային նորմերի խախտումը սահմանադրականության հետ առնչություն չունի, իսկ դա վտանգավոր նախադեպ է: Ըստ Խաժակյանի` ՍԴ որոշումը համակողմանիորեն չի անդրադարձել դիմումի բոլոր կետերին: