Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահը երկրորդ անգամ է հայտարարում, թե առանց ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի հետ սահմանների բացման, անիմաստ է Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը: Առաջին անգամ այդ մասին նա խոսեց Վարշավայում` Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, սակայն այդ խոսքն ակնարկների մակարդակով էր: Մինչդեռ հիմա նախագահը փաստացի խոսում է նախապայմանների լեզվով. եթե հայ-թուրքական սահմանը չբացվի, Հայաստանը կարող է հրաժարվել կոնկրետ այդ համաձայնագրի ստորագրումից: Պատահական չէ, որ շեշտը դրվում է հատկապես Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վրա:
Հենց դա է, որ առաջացնում է Ռուսաստանի խանդը և կոշտ հակազդեցությունը, քանի որ վերջինս այն ընկալում է որպես Հայաստանին իրենից խլելու բացահայտ ու կոնկրետ գործողություն: Այն դեպքում, երբ Մոսկվան կարողանում է հասնել ընդամենը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի կողմից փոխգործակցության սիմվոլիկ հուշագիր ստորագրելուն, Բրյուսելի հետ նախաստորագրման է պատրաստվում մի փաստաթուղթ, որն ուղղակիորեն արգելում է Հայաստանին ինտեգրվել առևտրի ու ապրանքների տեղաշարժի բոլորովին ուրիշ ռեժիմներ ենթադրող որևէ այլ, այդ թվում` նաև, այսպես կոչված, Եվրասիական Մաքսային միությանը:
Այն, ինչ հայտարարում է Սերժ Սարգսյանը Քիշնևում, ռուսական շանտաժի ուղղակի հետևանքն է: Երևանում անմիջապես հասկացան, որ թե' Ադրբեջանին զենք վաճառելու, թե' գազի սակագնի բարձրացման ողջ նպատակը օղակը Հայաստանի կոկորդին` խեղդելու աստիճան սեղմելն էր, ինչի մասին արդեն բաց տեքստով, առանց սեթևեթանքների խոսում էին ռուս փորձագետները: Եվ Սերժ Սարգսյանն այսպիսով Քիշնևից ուղերձ է հղում Մոսկվային առ այն, որ «անառակ որդին» ամեն ինչ հասկացել է, ու ճանապարհ է հարթում ներողամիտ հոր գիրկը վերադառնալու համար:
Եվ դրա համար Հայաստանը կատարում է երկու տակտիկական շատ հետաքրքիր քայլ, որոնք մեծ հաշվով ուղղված են այդ վերադարձը հնարավորինս անցնցում, նվազագույն կորուստներով կազմակերպելու և այդ համաձայնագրի ստորագրումը Արևելյան գործընկերության շրջանակում մյուս համաձայնագրերից անջատելու և դրա ստորագրումը առժամանակ հետաձգելուն: Այսինքն` Սերժ Սարգսյանը հույս ունի այս ճանապարհով մանևրի լրացուցիչ ժամանակ ստանալ: Նա փաստացի դա անում է` օգտագործելով ԵՄ-Թուրքիա ներկայիս լարված հարաբերությունները և այն ակնհայտ իրողությունը, որ ԵՄ-ն, միևնույն է, չի կարողանալու համոզել Թուրքիային բացել սահմանները Հայաստանի հետ: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա իշխանությունը կարող է հայտարարել, թե դիվանագիտական խոշոր հաղթանակ է տարել` առանց զիջումների Թուրքիայի հետ սահմանները բացելուն հասնելու իմաստով:
Սակայն նախագահի համար վերջինս այնքան էլ ցանկալի տարբերակ չի կարող լինել` այն պարզ պատճառով, որ եթե ԵՄ-ին հաջողվի կատարել այդ պայմանը, Երևանն այլևս որևէ կռվան չի ունենալու հրաժարվել այդ համաձայնագրի ստորագրումից և Ռուսաստանի հետ հարաբերությունները լրջորեն վնասելուց հրաժարվելու, ինչից ուղղակի սարսափում է Հայաստանի ներկայիս իշխանությունը: Պատահական չէ, որ Մոլդովայի մայրաքաղաքից Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի կամ երկրների խմբի, այսինքն` Ռուսաստանի դեմ: Ի դեպ, իր այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակասեց իր` ավելի վաղ արած այն պնդմանը, թե չպետք է հավատալ այն մարդկանց, ովքեր խոսում են, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին միանալ Մաքսային միությանը:
Ինչևէ, նախագահը Քիշնևից Բրյուսելին անուղղակի առաջարկում է հասկանալ իր վիճակը և դեռևս մի կողմ դնել այդ համաձայնագիրը`պրոցեսն ընդհանրապես չվիժեցնելու համար և այս փուլում բավարարվել մյուս` ասոցացման, վիզային ռեժիմների մեղմացման, ռեադմիսիայի գործընթացների համատեքստում նախատեսվող արդյունքներով: Այդ կերպ նա փորձում է հասնել գոնե այս փուլում Ռուսաստանի դիրքրորշման մեղմացմանը:
Սակայն ողջ հարցն այն է` արդյո՞ք ԵՄ-ն կընդունի այս տարբերակը: Այս ամբողջի վերաբերյալ հայաստանյան հասարակության տրամադրությունները շոշափելու ակնհայտ առաքելությամբ Երևանում գտնվող Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես եկավ աննախադեպ մեղմ ու զիջողական հայտարարությամբ. «Մենք հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից Եվրահանձնաժողովի և Եվրասիական հանձնաժողովի հետ։ Սակայն մյուս կողմից Եվրասիական հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի կարգավորող դաշտ ստեղծելու համար»: Սա ոչ այնքան Լեհաստանի նախագահի` ավելի վաղ արած «կամ-կամ»-ի տրամաբանությամբ թելադրված հայտարարության մեղմացման նպատակ ուներ, որքան, թերևս, ինչ-որ կետերում կամ հարցերում զիջման գնալու պատրաստակամության արտահայտում էր: Չի կարելի բացառել, որ Բրյուսելում սկսել են առաջնորդվել այն մտածողությամբ, որ Հայաստանն անկեղծ է եվրաինտեգրացման իր ձգտումներում, սակայն անզոր է դիմակայել ռուսական ճնշմանը: Հետևաբար, ըստ այդ մտածողության, թերևս անհրաժեշտ է գոնե ապահովագրել այն, ինչի հնարավոր է եղել հասնել այս ընթացքում` եղածն ընդհանրապես չկորցնելու համար: Այս տպավորությունը, սակայն, կարող է խաբուսիկ լինել:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ