կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-25 21:56
Առանց Կատեգորիա

Նահանջ առանց երգի կամ ապտակի դասերը

Նահանջ առանց երգի կամ ապտակի դասերը

Երևանի քաղաքապետի հայտարարությունը` մայրաքաղաքում տրանսպորտային ուղեվարձը 150 դրամ սահմանելու վերաբերյալ իր որոշումը կասեցնելու մասին, անկասկած հասարակական աննախադեպ ճնշման հետևանք էր:

 

Սա բացառապես հասարակության մաքրամաքուր հաղթանակն էր, որի համար նրանք պարտական են երևանյան կենտրոնական փողոցներում վերածնվող երիտասարդության այն տեսակին, որը դուրս եկավ երկնչողի, վախկոտի, տեղի տվողի ու հարմարվողի կաղապարներից և որն իր քանակական փոքրամասնություն լինելու իրողությունը կարողացավ փոխհատուցել, վերափոխել որակականի: Հաղթանակի մյուս կարևորագույն գրավականը այդ երիտասարդներին ցուցաբերված աջակցությունն էր շոու բիզնեսի և հատկապես համարձակ, «կերակրատաշտային» մտածողությամբ չառաջնորդվող մտավորականության կողմից: Նրանց սինթեզը ստեղծեց վերջին 15 տարվա կտրվածքով մի աննախադեպ առողջ մթնոլորտ, որը հեռավոր աղերսներ ուներ 80-ականներին օպերայի, ներկայիս Ազատության հրապարակում տիրող միասնականության, փոխըմբռնման, ընդհանուր մարդկային ջերմության շնչի հետ, բայց որը տարիների ընթացքում հետագայում մաշվեց, և թվում էր, թե վերջնականապես դուրս է մղվել ընդհանուր սթրեսայնության, հիասթափության, ներքին ագրեսիվության, ընդհուպ փոխադարձ անհանդուրժողականության ճիրաններում:

 

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Երևանի փողոցներում հասարակությունը ձեռք բերեց կորցրած որակներ, որոնք իսկապես մարդկային կուտակումները, զանգվածները վերածում են հասարակության: Եվ ամենաէականն այստեղ այն է, որ դա տեղի է ունեցավ նոր որակի երիտասարդության շնորհիվ: Եթե այս տենդենցները շարունակվեն, այս երիտասարդությունը կարող է հավակնել բոլոր տիպի հասարակական, քաղաքական կառույցների փոխարեն հասարակության գեներատորի կարգավիճակը վերցնելուն, ինչն ամենամղձավանջային զարգացումը կլինի իշխանության համար: Խնդիրն այն է, որ այս որակը չի վաճառվում, սկզբունքներից չի հրաժարվում, և նրան կոնսոլիդացնող, կազմակերպող ինչ-որ օտար շրջանակներ պետք չեն: Այսինքն` չկան այն լծակները, որոնք սովորաբար իշխանությունը կարողանում է գործադրել հասարակական ընդվզման փորձերը ճզմելու համար: Եվ պատահական չէ, որ դավադրության տեսության համաձայն` այս շարժման տակ կազմակերպիչներ փնտրելուց, նրանց միջոցով պրոցեսը վարկաբեկելու ապարդյուն փորձերից հետո իշխանությունը` ի դեմս քաղաքապետի, տեղի տվեց, իսկ մինչ այդ ո'չ իշխող քաղաքական ուժը, ո'չ կոմսոմոլային ու ապերոյական երիտասարդա-ուսանողական «ջոկատները» և ո'չ է ոստիկանությունը չէին համարձակվում դիմել կտրուկ ու կոշտ քայլերի: Նրանք շատ լավ հասկանում էին, թե ինչի կարող է դա հանգեցնել: Իսկ ներկայիս հոգեբանական, սոցիալական ուղղակի ծայրահեղ լարված իրավիճակում հասարակությանն ընդամենը մի կայծ էր պակասում բռնկվելու համար: Երիտասարդական այս չնահանջող շարժումն էությամբ ոչ թե կայծ, այլ վառոդով լցված մի հսկայական տակառ էր, որին կրակ մոտեցնել չէր կարելի: Այնպես որ` նաև սոցիալական պայթյունից խուսափելու համար իշխանությունը ստիպված եղավ ընկրկելու այս ճնշման առջև և ընդառաջ գնալու: Սա իսկապես այն դեպքն էր, երբ հասարակությունն ստիպեց իշխանությանը չթքելու հանրային կարծիքի վրա և ավելին` առաջնորդվելու հենց այդ կարծիքով ու ակնկալիքով:


Սակայն քաղաքապետի այս հայտարարության տեքստը ցույց է տալիս, որ ուղեվարձի իջեցումը ժամանակավոր բնույթ ունի: Ըստ էության` Տարոն Մարգարյանը խոսում է մեկ տարվա ժամկետի մասին: Այդ մեկ տարին նա փաստացի խոստանում է օգտագործել քաղաքային տրանսպորտի խնդիրը ֆունդամենտալ կերպով լուծելու համար, թեև իրականում քաղաքապետարանը դա անելու հստակ ու իրատեսական ծրագիր առայժմ չունի: Այս հայտարարությամբ քաղաքապետը խոստովանում է, որ այն կայացվել էր հապճեպորեն, ըստ էության` գծատերերի ահռելի ճնշման ներքո և այդ հապճեպությունը եղել է սխալ: Ստիպելով վերանայել որոշումը` հասարակությունն իսկական դաս տվեց քաղաքապետին և առհասարակ իշխանություններին, թե ինչպես պետք է կայացվեն հասարակության շահերն ու կենսական խնդիրներն ուղղակորեն շոշափող որոշումները: Հիմա արդեն քաղաքապետարանը ստիպված է լինելու աշխատել հասարակության ու նրա առավել շահագրգիռ շրջանակների հետ: Այն նախ ստիպված է լինելու կատարել տրանսպորտի համապարփակ բարեփոխում ըստ Տարոն Մարգարյանի նախանշած առաջնահերթությունների` «Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո' արժանապատիվ երթեւեկի ապահովում», որի իրականացումից հետո արդեն անցում կատարի ուղեվարձի հստակ հաշվարկված ու խելամիտ աճի: Այլ տարբերակ պարզապես չկա: Հասարակայության մեսիջը քաղաքային իշխանությանը շատ պարզ է. կատարում ես ոլորտի բարեփոխումները, ես դրանք տեսնում եմ իմ աչքերով, զգում եմ ամենօրյա երթևեկով, պատրաստ եմ վճարել ավելին, իսկ քանի դեռ դա չի արվելու, ոչ մի ավելի լումա չի վճարվելու:


Այս համոզմունքը և դրվածքը հույս է ներշնչում, որ քաղաքապետարանը կարող է փորձել իրավիճակի զոհից դառնալ իրավիճակի տերը և ստիպել լափելու մարմաջով տառապող գծատերերին կատարել ներդրումներ, տրանսպորտը տեխնիկապես, կազմակերպչական, անվտանգության ապահովման առումով համապատասխանեցնել հանրության հավանությանն արժանացած չափորոշիչներին, նոր միայն քաղաքապետարանից պահանջել ուղեվարձի թանկացում: Սա խնդիրը փակուղուց հանելու միակ տարբերակն է, որը իմիտացիա չի հանդուրժելու. քաղաքացիական այս արդարացի ընդվզումը չեզոքացնում է այդ ստանդարտ ճանապարհով շարժվելու, խափելու քաղաքպետարանի ռեսուրսները:


Ինչևէ, քաղաքապետի նահանջը տեսնելով` իսկապես շատ բանական հարց է առաջանում` արդյո՞ք անհրաժեշտ էր անցնել այս սոդոմ-գոմորի միջով, հավելյալ անգամ հեղինակազրկվել, արժանանալ մարդկանց անեծքին, հայհոյանքներին, եթե կարելի էր հենց սկզբից գնալ բաց, թափանցիկ, հանրության հետ երկխոսության միջոցով խնդիրը լուծելու ուղով: Ինչքան ժամանակ է պետք, ի վերջո, ժամանակակից կառավարման այբուբենը սովորելու համար:


Գևորգ Աղաբաբյան