կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 13:25
Քաղաքական

2012-ին հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել. Կիրո Մանոյան

2012-ին հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել. Կիրո Մանոյան

2012 թվականին հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել: Թուրքիայի կողմից եղել են ընդամենը փորձեր` աշխարհին ցույց տալու, որ երկու երկրների միջև ինչ-որ գործընթաց կա, բայց իրականում ոչինչ էլ չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Ըստ նրա՝  հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն լարված են, այլեւ ավելի ծանր վիճակում են: «Այս երկու տարիների ընթացքում մեր իշխանությունների կեցվածքը հիմնականում փոփոխության չենթարկվեց: Նույնիսկ նախագահը վերջերս կրկնեց, որ դրանց ճիշտ լինելուն համոզված է, և դրանից դուրս գալու մտադրություն չունի»,- ասաց նա և մեկ անգամ ևս շեշտեց հայ-թուրքական արձանագրություններից մեր ստորագրությունները հետ վերցնելու անհրաժեշտությունը:

 

Կիրո Մանոյանն անհրաժեշտ համարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում բարձրացնել ոչ այնքան Հայոց ցեղասպանության ճանաչման, որքան հատուցման հարցը:

 

Անդրադառնալով Արցախի խնդրին` Մանոյանը նշեց, որ 2012-ին Թուրքիան Արցախի ճանաչման հարցում ակնհայտորեն  կոշտ դիրքորոշում է արտահայտել:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե  այս տարի Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքները հնարավո՞ր է անդրադառնան Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման գործընթացին և այն փակուղի տանեն, Մանոյանն արձագանքեց.
«Մենք չհավատալու կամ վախենալու պատճառ չունենք: Ադրբեջանի քաղաքական աղմուկը  որևէ հետևանք չի թողնի օդակայանի շահագործման վրա, քանի որ  Ադրբեջանը հասկանում է, որ նման մարտավարությամբ ոչինչ չի կարող փոխել»: