Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օրից լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ թե' Թուրքիայի, թե' հայ հասարակությունը սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այս տարի, նաև հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սպասում են, թե արդյո՞ք տարբեր պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և արդյո՞ք Թուրքիան որևէ բան է անելու հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ:
Ըստ Մանոյանի` հիմքեր չկան ասելու, որ հայ-թուրքական հարաբերություններում կլինի դրական տեղաշարժ, բացի այն, որ թուրքական հասարակության մեծ մասը կսկսի ճանաչել իր իսկ պատմությունը:
Նա նշեց, որ վստահ չէ, թե ԱՄՆ-ում, Ցեղասպանության տարելիցի հետ կապված, «ուժեղ հայտարարություն» կանեն, ինչպես ակնարկել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որովհետև եթե ԱՄՆ-ը նման մտադրություն ունենար, ապա, այդ հայտարարությունից առաջ ընկնելով, Թուրքիան կփորձեր ինչ-ինչ քայլեր ձեռնարկել` կանխելու համար այդ հայտարարությունը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա, Կիրո Մանոյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որ այս տարի Հայաստանը ձերբազատվի այդ արձանագրություններից, որովհետև դրանք իրենց առկայությամբ արդեն սկսել են վնասել Հայաստանին, քանի որ Թուրքիան աշխարհին ուզում է ցույց տալ, որ ինչ-որ գործընթաց է ընթանում հայ-թուրքական հարաբերություններում, սակայն իրականում ոչ մի գործընթաց էլ չկա:
«Պետք է իրավականորեն սպանել հայ-թուրքական արձանագրությունները` հետ վերցնելով ստորագրությունը, մանավանդ, որ մենք ականատեսն ենք Թուրքիայի կողմից շարունակվող հակահայ քաղաքականության, որի վառ ապացույցը Քեսաբում իրականացված գործողություններն էին»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա նաև նշեց, որ վստահ չէ, որ ՀՀ նախագահը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու հայտարարություն կանի, այլ նա կշարունակի ասել այն, ինչ ասել է չորս տարի առաջ` որ Հայաստանի համբերությունը սահման ունի, և մի օր Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը:
«Կարծում եմ` ճիշտ չի լինի թևակոխել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից այդ արձանագրություններով, որովհետև Թուրքիան աշխարհին փորձում է ցույց տալ գոյություն չունեցող գործընթաց: Իսկ աշխարհը չի մեղադրի Հայաստանին իր ստորագրությունը հետ վերցնելու համար»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին զուգահեռ անհրաժեշտ է, որ եվրոպահայ համայնքն ավելի աշխուժացնի իր աշխատանքները:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ նախագահի վերջին հայտարարությանը, մասնավորապես` որ հայ-թուրքական արձանագրությունները որևէ վնաս չեն հասցրել Հայաստանին, Կիրո Մանոյանը նշեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, որովհետև իրականում հայ-թուրքական արձանագրությունները վնասել են:
«Նախագահն այնպես է խոսել, կարծես թե երբ բանակցություններ են գնացել, արդեն իմացել են, որ Թուրքիան չի վավերացնելու այդ արձանագրությունները: Թուրքիան վավերացնելու կարիք չունի, որովհետև իր ստանալիքը ստացել է` աշխարհին ցույց տալով, որ պետք չէ խառվել հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ իրենք իրենց հարցերը լուծում են: Այնինչ` պետք է հայ-թուրքական սահմանը բացեր, բայց չի բացում, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատեր, բայց դրանք չկան»,- ասաց նա:
Մեջբերելով նախագահի կարծիքն այն մասին, թե այդ արձանագրությունները Ղարաբաղի հարցի վրա իրենց ազդեցությունը չեն ունեցել, Մանոյանը շեշտեց, որ իրականում ստորագրության պահից Թուրքիան Ղարաբաղյան հարցի կարգավորումը նախապայման է համարում:
Բանախոսի համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանին դրական ոչինչ չեն տվել: «Ասվում է, թե, չվավերացնելով այդ արձանագրությունները, Թուրքիան իր իսկական երեսը ցույց տվեց, բայց քանի՞ տարի պետք է սպասենք, որ իր երեսը ցույց տա: Բացի այդ` չի բացառվում, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններից ինչ-որ մեկը ինչ-որ պահի վավերացն`ՙ ծանր կացության մեջ դնելով Հայաստանին»,- ասաց Կիրո Մանոյանը: