Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր, լրագրողների հետ զրույցում ամփոփելով անցնող 2016 թվականը, անդրադարձավ տարածաշրջանային իրադարձություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա:
Ըստ Մանոյանի` 2016 թվականի գլխավոր իրադարձությունը մեզ համար ապրիլյան պատերազմը և դրա շարունակություն հանդիսացող` Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացն էր: Նա կարծիք հայտնեց, որ բանակցությունները շատ առաջ գնալու տեղ չունեն, քանի որ Ադրբեջանը դժգոհ է այն առաջարկներից, որ ներկայացվում են Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից:
Տարածաշրջանում մի շարք զարգացումները` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են Հայաստանի համար, ինչպես նաև որոշ հնարավորություններ: Մանոյանը հատկապես կարևորեց Իրանի նախագահի այցը Հայաստան և ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները: Նա նշեց, որ Իրանի հետ ունեցած սերտ հարաբերությունները դեռ ունեն զարգանալու տեղ, և անհրաժեշտ է այդ ուղղությամբ շարունակել աշխատանքները:
Ըստ Մանոյանի` Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանում որոշ անորոշություններ ստեղծեցին: «Թուրքիան այն պետությունն է, որ ինքն իրեն իրավունք է տալիս, առանց որևէ բան հաշվի առնելու, ռազմական գործողությունների դիմել իր սահմաններից դուրս, ինչը մեզ համար մտահոգիչ է, և անհրաժեշտ է, որ մենք այդ ուղղությամբ էլ միշտ լինենք զգոն»,- ընդգծեց նա:
Ըստ Մանոյանի` թեև ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները որոշ առաջընթաց ունեցան, խոստացված ռազմամթերքը հասավ Հայաստան` չնայած բավական ուշացումով, բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր արդար ակնկալիքը, այն է` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը, չի իրականացել: «Դա ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի անդամ պետություններն այնքան էլ խանդավառ չեն Հայաստանի` այդ ուղղությամբ արձանագրելիք հավանական հաջողություններից»,- շեշտեց նա:
Խոսելով ԱՄՆ-ից սպասելիքների մասին`Մանոյանը նշեց, որ ԱՄՆ-ի պարագայում մեծ հարցական կա: «Նոր նախագահը, երբ իր լիազորությունները ստանձնի եկող ամիս, նոր կհասկանանք, թե ինչ քաղաքականություն պետք է վարի տարածաշրջանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի հետ, բնականաբար, Հայաստանի հետ ևս: Կարող է խնդիր հարուցել և հնարավորություններ տալ»,- ասաց նա:
ԵՄ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանի կարծիքով, սպասողական վիճակ է: «ԵՄ-ն ուզում է տեսնել` ընտրություններն ինչպես կանցկացնենք և ըստ այդմ էլ այդ պայմանագիրը կստորագրի: Իմ տեղեկությամբ` պայմանագիրը համարյա ավարտված է, բայց ստորագրման պահը կլինի ընտրություններից հետո՝ կապված դրանց որակի հետ»,- ասաց նա: