Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի տեղ չկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ժամանակ հայության հետ առնչվող որևէ հարցի մասին քննարկում է անցկացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունները թեև առայժմ դեռ ռազմավարական բնույթի չեն, բայց այդպիսին դառնալու ուղղությամբ են շարժվում, և այդ փաստը մեզ պետք է մտահոգի:
Մանոյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների չեղարկումը այս հանդիպման հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ իրականում Ռուսաստանը պետք է գոհ լինի դրանց չեղարկումից, քանի որ այն ամերիկյան նախաձեռնություն էր, չնայած, ճիշտ է, Ռուսաստանը ինչ-որ պահի ներկա էր դրանցում: «Պետք է զգոն լինենք այս հարաբերությունների զարգացումներում՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են վերածվել ռազմավարականի, իսկ մենք որպես փաստ տեսել ենք, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կունենան ռազմավարական հարաբերություններ, այն թանկ կնստի մեզ վրա: Առայժմ անմիջական մտահոգությունների խնդիր չկա, բայց պետք է հետևենք զարգացումներին»,- ասաց նա:
Մանոյանը, անդրադառնալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հարաբերություններին, ասաց, որ չնայած վերահիշյալ պետություններն ունեն հակառակ շահեր, բայց այսօր այդ շահերն ինչ-որ իմաստով համընկնում են՝ խոսքը վերաբերում է Սիրիային, Արևմուտքի հետ հարաբերություններին: Նրա խոսքով՝ պետք է այնպես անենք, որ հանկարծ չստացվի, որ մենք լինենք այդ հարաբերությունների համար ինչ-որ բան վճարողի դերում:
«Պետք է մշտական խորհրդակցություններ անցկացնենք Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի կոնկրետ իմանանք այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: Մենք հանգստությունը մեծ առումով բխում է հենց այն հանգամանքից, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերը տարբեր են՝ ՌԴ-ն կողմ է Ասադին, Թուրքիան նրան չի ընդունում, բայց փաստ է, որ այս ամենն արվում է Սիրիայի ժողովրդի հաշվին, և ինչ-որ տեղ համադրվում են նրանց շահերը: Կարծում եմ՝ Թուրքիային և Ռուսաստանին Սիրիայի հարցում միացնողն ավելի շուտ Սիրիայում քրդական ԶՈՒ ազդեցության մեծացումն է և Ամերիկայի հետ համագործակցությունը, որին երկուսն էլ դեմ են»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ բացի այդ, կարծես թե նրանց միացնում է նաև Սիրիայի՝ տարածքային ամբողջականացման պահպանման հարցը, չնայած այստեղ դժվար է վստահել Թուրքիային: Մանոյանի գնահատմամբ՝ Սիրիայի հետ կապված մնացած բոլոր հարցերում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն:
Մանոյանի խոսքով՝ մեզ համար մտահոգիչ է խնդիրը, որ եթե Թուրքիան ռազմական գործողություններ ծավալի Ղամիշլիի շրջանում, որն այսօր գտնվում է հենց Թուրքիայի վերահսկողության տակ, կվտանգվի տեղի հայությունը, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում: «Թուրքիայի, որն արդեն մտել է Սիրիա, Սիրիայից դուրս գալու հարցը բավական խնդրահարույց է»,-ասաց Մանոյանը: