Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ դեռեւս քննարկվում է ԱԺ-ում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ 83 պատգամավորի նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան:
«Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն իրավական որեւէ հետեւանք չի ունենում, եւ եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին էթիկայի հանձնաժողովի որոշմանը, ըստ էության, կայծակնային էր: Ընդամենը 10 օրվա ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը գրվեց, հաստատվեց, կառավարության նիստում քննարկվեց, եւ ահա բերվել է արտահերթ նիստի օրակարգ, ընդ որում՝ կառավարության կողմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը եւ ընդգծեց, որ կառավարությունն այսպիսով միջամտում է խորհրդարանի ներքին կանոնակարգային հարցի քննարկմանը, որովհետեւ, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են խնդրել կառավարությանը:
ՀԱԿ պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԺ որեւէ հանձնաժողովում այս նախագիծը չի քննարկվել, եւ միակ մարմինը, որ քննարկել եւ հավանության է արժանացրել ակմ կառավարությունն է: «Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետեւ իրեն այնքան էլ ապահով չի զգում Ազգային ժողովում: Ահա թե որն է ապահով Հայաստան կառուցելու` հանրապետական մեծամասնության ալգորիթմը: Ինչեւէ, այս նախագծով ընդամենը մեկ հարց է լուծվում` ապահովել էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը իշխանության կողմից: Ասել, թե խորհրդարանական մեծամասնությունը վախեցած է էթիկայի հանձնաժողովի գործունեությունից, իհարկե, մոլորություն կլինի: Հանրապետական կուսակցությունը քաջ է եւ խիզախ, որովհետեւ, իսկապես, անընդգրկելի խիզախություն է հարկավոր երկիրը այսպիսի վիճակի հասցնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահ է, որ խնդիրն այն ավանդույթների եւ գործելակերպի մեջ է, որով երկիրը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը: Նրանց համար, ըստ Փաշինյանի, անընդունելի է, որ երկրում լինի իշխանության թեկուզ սիմվոլիկ լծակների տիրապետող մի օղակ, որը դուրս է իրենց վերահսկողությունից ու հարյուր տոկոսով կանխատեսելի չէ իրենց համար: «Եվ ինչի համար է այս ամենը արվում` հանրությանը, ժողովրդին, բոլորին ցույց տալու համար, որ հանրապետական մեծամասնությունը ոչ մի թիզ հող չի զիջելու ընդդիմությանը, հանրությանը, ժողովրդին»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: