Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ և ՌԴ-ի միջև ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հանրության շրջանում կա որոշակի կարծիք, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: Ըստ Փաշինյանի՝ այդ կարծիքը բոլորովին էլ օդից չէ, և կան վերլուծություններ ու փաստեր: «Որևէ մեկը չէր կարող այդպիսի ռիսկի գնար և մարտական գործողություններ աներ, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն: Ու սա այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր ըստ էության ՌԴ ռազմավարական դաշնակից հանդիսացող սուբյեկտի վրա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Այսինք ի՞նչ, Ադրբեջանն այս կոնտեքստում առյուծի սիրտ էր կերե՞լ: Ու եթե համարենք, որ Ադրբեջանը առյուծի սիրտ էր կերել ու հարձակվել էր, դրանից հետո Ռուսաստանն առնվազն պետք է հայտարարեր, որ սառեցնում է Ադրբեջանին զենքի վաճառքը, մինչև հանգամանքները մանրամասնորեն պարզվեն, բայց հենց քառօրյա պատերազմի ընթացքում, ՌԴ-ն հայտարարեց, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: Սրան հակառակ, Հայաստանն ամենավճռական պահին չունեցավ և մինչև օրս էլ չունի այն զենքն ու զինամթերքը, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է մատակարարեր»: Փաշինյանի խոսքով՝ այս ամենի համատեքստում Ռուսաստանից շնորհակալություն հայտնելը մեղմ ասած ճիշտ չէ և ըստ նրա՝ 200 տարվա ընթացքում մենք շնորհակալությունների չափաբաժինը գերազանցել ենք արդեն: «Այս համատեքստում հարց են տալիս, որ Հայաստանի տարածքում գտնվող օդուժը հնարավո՞ր կլինի օգտագործել, ասում եք՝ հա, էդպես է: Եթե դուք իսկապես այդպես եք կարծում, ուրեմն պաշտպանության համակարգում կոմպետենտության խնդիր կա արդեն: Դուք էդ ինքնաթիռները սկի երկու մետր գետնի վրա չեք կարող շարժել: Ասում եք` իբր ռուսական օդուժը օդ է բարձրանալու, թան էլ չէ, բրդած մածուն, մի հատ էլ ասում են՝ բա տենց գրած ա: Բա զենքի մատակարարման համաձայնագրում էլ էր գրված: Մի հատ էլ պաշտպանության փոխնախարարն ասում է, որ 80 տոկոսով իրականացվել է պայմանագիրը, ասում ենք՝ բա ո՞նց է իրականացվել, պատասխանում է՝ պայմանագրերը կնքվել են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով. «Քառօրյա պատերազմի ընթացքում մենք մեր հետախուզությանն այդքան «պրետենզիա» էինք ներկայացնում, որովհետև հայկական հետախուզության և անվտանգության կոմպոնենտում եղել է նաև ռազմավարական գործընկերության կողմից հետախուզական տվյալների հաղորդումը: Այս ամենով, մենք ստեղծում ենք բուտաֆորիկ անվտանգության համակարգ, ասում ենք՝ Հայաստանն ինչի՞ կործանիչ ավիացիա չունի, պատասխանում են՝ հնարավորությունների հարց է: Պարոնա՛յք, ձեր գործի անունն այս հնարավորությունները ստեղծելն է»: «Դուք էսօր մեզ կործանիչ ավիացիայի փոխարեն հինգ տոննա մակուլատուրա եք բերել, վավերացրել և այստեղ կոմպետենտության խնդիր է ստեղծվում արդեն»,- եզրափակեց Փաշինյանը: