կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 13:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրենի հողեր հանձնելը ամբողջությամբ ընկնում է «բ…-ի տղա Նիկոլ» բնորոշման տակ. Բագրատ Եսայան

«Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել  իրականության ամրագրում, հոգեվիճակի նկարագրություն, օրվա կարգավիճակի նկարագրություն, գործողության բնութագրում. հայրենի հողեր հանձնելը ամբողջությամբ ընկնում է այդ բնորոշման տակ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը՝ խոսելով Դատախազության կողմից հաստատված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մասին՝  «բ*ի տղա Նիկո՛լ» արտահայտության առնչությամբ: Գործով անցնում է նաեւ Բագրատ Եսայանը

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը փորձում է պարզել՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել ՀՀ գլխավոր դատախազության առջեւ «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, եւ արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Հիշյալ անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանություն): 

Եսայանը շեշտեց՝ այս արտահայտությունը երբեք չի կարող համարվել սեռական բնույթի հայհոյանք։ «Դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք այդ արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է, ինչպես նշում է ՀՀ դատախազությունը 79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ: Ես միջնորդելու եմ բանասեր փորձագետներ ներգրավել, որպեսզի նրանք բացատրեն՝ ինչ է սեռական բնույթի հայհոյանքը:  Սա նախադեպ են ուզում սարքել՝ հասարակության մեջ այս իշխանության հասցեին նման բնութագրումները կանխելու համար: Վստահեցնում եմ՝ նրանց դա չի հաջողվելու»,- ասաց նա:

Եսայանը մինչ այս պահը չի հասկացել, թե ինքն ինչու է ներգրավված այս գործում։ Ըստ նրա՝ ինքն այդպիսի արտահայտություն դատախազության առջեւ չի հնչեցրել: «Որովհետեւ սովոր չեմ հասարակության մեջ նման արտահայտություններ անել: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ համաձայն չեմ  այդ բնութագրման հետ: Չեմ հասկանում, թե ինչու եմ ներգրավված այս գործում, որովհետեւ մեղքի անհատականացում այս քրեական գործում չկա, ընդամենը մեկ ոստիկան քրեական գործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ՝ «բ.-ի տղա Նիկոլ» արտահայտությունը վանկարկելիս»,- ասաց Եսայանը:  

Նշենք, որ դատավարությունը սկսվելուց րոպեներ անց դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ ամբաստանյալներ Արսեն Վարդանյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով՝ համարելով նրանց բացակայությունը հարգելի:

Դատական նիստը նշանակվեց սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Լ.Ս.