կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 13:51
Հասարակություն

Հայտնի են ″Հավասար հնարավորություններ″ մրցույթի հաղթողները

Հայտնի են ″Հավասար հնարավորություններ″ մրցույթի հաղթողները

Այսօր «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 10-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն էր:

 

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունների հայտարարած մրցույթին կարող էին մասնակցել 2011-ի նոյեմբեմրի 20-ից մինչեւ 2012-ի նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Աայս տարի մասնակցել էր 35 լրագրող` ներկայացնելով 16 տպագիր, 2 մուլտիմեդեա, 2 ֆոտո, 15 հեռուստատեսային աշխատանք: 1-ին տեղի համար սահմանված մրցանակի չափը 200 000 դրամ էր, 2-րդինը` 150 000, իսկ 3-րդ տեղի համար սահմանված էր 100 000 դրամ:

 

Գլխավոր մրցանակին արժանացավ Կարինե Հարությունյանը` «Երկու ճանապարհ» հեռուստաֆիլմի համար /Շողակաթ, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ/:

 

«Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ Նելլի Հարությունյանը` «Հատուկ եւ հանճարեղ» հեռուստառեպորտաժի համար /Արմնյուզ/, 2-րդ մրցանակը տրվեց Տաթեւիկ Ղազարյանին` «30 օր» հեռուստաֆիլմի համար /Սիվիլնեթ/, 3-րդ մրցանակը կիսեցին 2 լրագրող` Սոնա Հակոբյանը` «Ես Սիրանուշն եմ» /Երկիր մեդիա/ եւ Անի Հակոբյանը` «ՀՀ իրավական քաղաքացի» /Փաստ/ ռեպորտաժների համար:

 

«Լավագույն տպագիր հոդված» անվանակարգում առաջին մրցանակը ստացավ Սոնա Ավագյանը` «Ինչ է եղել քաղաքացու հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» /Հետք/ հոդվածի համար, իսկ 2-րդ տեղում էր Քրիստինե Խանումյանն իր «Պատերազմ խաղաղության մեջ. լավ է կույր աչոք, քան կույր մտոք» /medialab.am/ հոդվածով: 3-րդ մրցանակին արժանացավ Գայանե Ասրյանը` «Խոսել նրանց հետ եւ ոչ թե նրանց մասին. հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները Հայաստանում» /Կոսմոպոլիտան Հայաստան/ հոդվածի համար:

 

«Լավագույն մուլտիմեդեա» անվանակարգում, ինչպես որոշել էր ժյուրին, 1-ին եւ 2-րդ տեղում հաղթողներ չեղան, իսկ 3-րդ տեղում հաղթող ճանաչվեց Փառանձեմ Հովհաննիսյանն իր «Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն եւ հիվանդ անտեղյակություն» /medialab.am/ հոդվածի համար:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված մրցանակը նույնպես հասցեատեր չունեցավ:

 

Իսկ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն իր մրցանակը շնորհեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մանկական երկիր» լրատվական ծրագրի խմբագրությանը` հաշմանդամության եւ ներառման թեմաների շարունակական լուսաբանման համար: