Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանը:
-Պրն Ասրյան, ՀՀԿ-ականները, մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ նախագահական ընտրություններում թեկնածուները պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար: Դո՞ւք էլ եք այդ մտքին:
-Ես միանում եմ Էդուարդ Շարմազանովի ասած մտքին եւ ավելացնեմ, որ նման միտք ես ավելի շուտ եմ արտահայտել` տարիներ առաջ` հենց 2008թ. նախագահական ընտրություններում: Այսօր ՀՀ-ում չկա որեւէ քաղաքական, պետական, ազգային, հասարակական գործիչ, որի հեղինակությունը լինի ավելի բարձր, որի անցած ճանապարհը լինի ավելի փառապանծ, որի աշխատասիրությունն ու պատասխանատվությունը լինի ավելի մեծ, քան գործող նախագահ, Գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանինը, ով սկսած 1988թ.-ից անցել է լուրջ ճանապարհ Հայ ազգային ազատագրական պայքարիր թոհ ու բոհի միջով եւ շարունակում է ամեն օր իր ուսերին մեր պետության արտաքին եւ ներքին խնդիրներն ավելացնելով` առաջ շարժվել:
-Պրն Ասրյան, դուք միանշա՞նկ եք համարում Սերժ Սարգսյանի հաղթանակը, եթե անգամ գերտերություններն այլ սցենար նախատեսած լինեն մեր երկրի համար:
-Ես մերժում եմ բոլոր գերտերությունների սցենարները մեր պետության հարցում, հատկապես նախագահական ընտրությունների հետ կապված: ՀՀ-ն անկախ պետություն է եւ իր 21 տարվա պատմության մեջ բազմիցս ցույց է տվել դա:
-Իսկ եթե բոլոր ուժերը համախմբվեն մեկ միասնական թեկնածուի շուրջ եւ մրցեն Սերժ Սարգսյանի հետ:
-Ինչքան էլ միասնական թեկնածու լինի չի ունենալու այն հեղինակությունը, այն անցած ճանապարհը` պետականամետ, հայրենանվեր կատարած աշխատանքներով, որ կարող է մրցակից լինել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելին ասեմ, փետրվար ամիսը սարերի ետեւում չէ եւ ես կոչ եմ դաշտում գործող բոլոր ընդդիմադիր, ըստ իս, զորացրված գործիչները թող համախմբվեն եւ թող իրենց միջից այնպիսի թեկնածու գտնեն, որ կարող է գոնե Սերժ Սարգսյանի հավաքած ձայների կեսի չափով ձայն հավաքել: Նման բան հնարավոր չէ: Ես անձամբ եմ շփվում ժողովրդի, բնակչության հետ եւ անձամբ եմ տեսնում նրանց սերն ու հարգանքը, տրամադրվածությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ:
-Պարոն Ասրյան, տեսեք դուք միանշանակ պնդում եք, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, բայց, ինչպես պնդում են ձեր ընդդիմախոսները, որեւէ ժողովրդավարական պետությունում ընտրությունների ժամանակ եւ ոչ մի թեկնածու մինչեւ վերջին պահը այդքան վստահ չի լինում հաղթանակում, ինչպես օրինակ եղան ԱՄՆ ընտրություններում:
-ԱՄՆ-ում բնակչության թիվը մի քանի հարյու մլն-ի է հասնում եւ բնականաբար նրանք չեն կարող նախապես նույնիսկ կողմնորոշված կարծիքներ հայտնել: Իսկ այս դեպքում խոսքը հայկական բարձրավանդակի բնակավայրերի մասին է, որը ընդամենը 915 համայնք է եւ այստեղ ապրում է 3 մլն-ից մի փոքր ավել բնակիչներ, այսինքն դա այդքան էլ բարդ չէ, բարդ չէ այդ մարդկանց տրամադրվածությունները հասկանալը:
-Պրն Ասրյան, այս օրերին շատ է խոսվում, թե արդյոք կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը, կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետքրքիր է լսել Ձեր կարծիքը եւ արդյո՞ք ՀՀԿ-ն այդքան ԲՀԿ-ի սատարման կարիքը ունի, որ անհամբերությամբ սպասում է ԲՀԿ-ի որոշմանը:
-Իհարկե, ՀՀԿ-ն որեւէ մեկի սատարման կարիքը չունի եւ որեւէ մեկին չի սպասում, որ նրանք հայտարարեն ՀՀԿ թեկնածուին սատարելու մասին: Իսկ Ձեր նշած մարդկանց ես կրկին կոչ եմ անում, որ անպայման առաջադրվեն կամ իրենց կուսակցության կողմից կամ միասնական թեկնածուի տարբերակով, թող անպայման առաջադրվեն, որովհետեւ մեկ է` երկու-երեք ամիս անց ամեն ինչ պարզ է լինելու եւ Ձեր նշած կուսակցություններ եւ նրանց թիմերը եւ բնակչությունը փետրվարին տեսնելու են մեր խոսքերի ճշմարտությունը, պարզ է դառնալու նախագահ Սերժ Սարգսյանի բացարձակ հաղթանակը: ՀՀԿ-ն որեւէ մեկի աջակցություն ու կարիքը երբեւէ չի ունեցել եւ չունի:
-Նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է Ձեր պաշտոնը բարձրանա: Գուցե Ձեզ նախարար նշանակեն:
-Ես ոչինչի չեմ բացառում, բայց այս պահի դրությամբ ես իմ առջեւ դրված խնդիրները լուծում եմ մեծ պատասխանատվությամբ: Իսկ թե ապագայում ինչ կլինի` ցույց կտա ժամանակը:
-Ի դեպ, պրն Ասրյան, մի անգամ կարծեմ ասել եք, որ Սերժ Սարգսյանի հրամանով պատրաստ եք անգամ դժոխքի դարպասների պահակ աշխատել, ուժի մե՞ջ է Ձեր այդ խոսքը:
-Ոչ միայն ուժի մեջ է, այլ դա իմ հավատարմության տեսակն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականով, առաջարկով, հրահանգով ես պատրաստ եմ լինել ցանկացած տեղ եւ այնպիսի գործընթացների մեջ, որը միանշանակ նպաստելու է հայոց պետականության անընդհատ զարգացման գործընթացներին, ինձ համար կապ չունի` դա կլինի խրամատը, թիկունքը, թե դժոխքի դարպասների պահակը, բայց դրսի կողմից:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը