Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
-Պարո'ն Ասրյան, ինչպիսի՞ն են լինելու նախագահական այս ընտրությունները:
-2013թ. նախագահական ընտրությունները մերօրյա անկախության 20-ամյա պատմության մեջ լինելու են ամենաարժանավորը, ամենականխատեսելին: Վստահ եմ, որ հայ ժողովրդի ընտրող հատվածը մեծ խանդավառությամբ, մեծ ուրախությամբ մասնակցելու է ընտրություններին, գուցե` նաեւ ծաղիկներով: Դա խորհրդանշելու է ազատ եւ թափանցիկ ընտրություններին մասնակցության իրենց ցանկությունը:
-Ընտրության գնալու են ծաղիկներո՞վ:
-Կարծում եմ` այո:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Թող զարմանալի չհնչի, բայց վերջին 5 տարիների ընթացքում ես միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուրս, հատկապես` ես` որպես հասարակական ակտիվ գործիչ, պետք է կոչ անեմ ընտրող քաղաքացիներին` 2013թ. նախագահական ընտրություններին վերջապես մեկ անգամ իրենց ցանկությամբ, մեծ ուրախությամբ, ժպտադեմ, ծաղիկներով մասնակցեն նախագահական ընտրություններին, որովհետեւ նրանք ընտրելու են իրենց ապագա 5 տարիների, իրենց ընտանիքների բարեկեցության համար, ընտրելու են իրենց երեխաների զարգացման համար` միաժամանակ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, եւ այդ համատեքստում մենք ոչ միայն ընտրության ենք մասնակցելու մեզ համար, մեր հայրենիքի եւ ժողովրդի, այլ նաեւ այդ ընտրությունը համահավասար լինելու է Երկիր մոլորակի պետությունների, ժողովուրդների համար:
-Ամենականխատեսելի ասելով` Սերժ Սարգսյանը հաղթանակը, չէ՞, նկատի ունեիք:
-Իհարկե, ես երբեք չեմ կասկածել դրանում, հատկապես` անցած տարվա վերջին ամիսներին, երբ նշվում էին տարբեր թեկնածուների անուններ: Ես այն ժամանակ էլ, այսօր էլ ասում եւ ասելու եմ, որ նախագահ Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններում կոնկրետ լուրջ մրցակիցներ չունի: Ինչո՞ւ, որովհետեւ ես հաշվի եմ առնում նախագահ Սարգսյանի անցած ճանապարհը` սկսած 1988թ.-ից, պատերազմի թոհ ու բոհով անցած, բանակաշինության մեջ մեծագույն դերակատարում ունեցած, իսկ այսօր արդեն յուրաքանչյուր քաղաքացու հոգսն իր ուսերին վերցրած առաջ է ընթանում:
-Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, էպոսագետը Սերժ Սարգսյանին մրցակից չե՞ն:
-Իհարկե, չեն:
-Ստացվում է` մնացել է առանց մրցակից:
-Բոլոր թեկնածուները, ովքեր առաջադրվել են, որպես թեկնածու, մրցակից են, բայց ապագա նախագահ դառնալու` նրանց հնարավորությունը զրո է: Բացի նախագահ Սարգսյանից, մնացածը պայքարելու են 2-րդ տեղից մինչեւ 7-8: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հավաքած ձայների եւ մյուս թեկնածուների ձայների տարբերությունը շատ ահռելի է լինելու:
-Ասում են` այս ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվելու: Չե՞ք կարծում, որ եթե գումար չբաժանվի, մարդիկ պարզապես չեն մասնակցի ընտրություններին:
-Ընտրակաշառքն իմ կողմից չընդունվող, շատ բացասական երեւույթ է: Ես բազմաթիվ ընտրությունների եմ մասնակցել եւ իմ աչքի առջեւ ընտրակաշառք ասածը չեմ տեսել, եւ ես շատ գոհ եմ իմ գործունեությունից, որ դրա հետ երբեք չեմ առնչվել, սա` ի գիտություն: Եվ երկրորդ, ասեմ, որ, իմ կարծիքով, ընտրող քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերելու ընտրություններին: Յուրաքանչյուրս պարտավոր ենք 2013թ.-ին ծաղիկներով` սպիտակ մեխակներով գնալ ընտրության` ընտրելու մեր առաջիկա 5 տարիների եւ ավելի տարիների ապագան:
-Քանի՞ տոկոս ձայն կհավաքի Սերժ Սարգսյանը:
-Կարծում եմ` 65-70 տոկոս:
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ