կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-07-13 17:07
Տնտեսական

Որտե՞ղ են գոլորշիացել ջրամբարի ջրերը

Որտե՞ղ են գոլորշիացել ջրամբարի ջրերը

Երբ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին իջեցվել էր Երեւանյան լճի մակարդակը,Yerkir.am-ը հարցումով դիմեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որտեղից պատասխանեցին, թե ինչպես այս արհեստական լճի, այնպես էլ Հայաստանի բոլոր ջրամբարների մակարդակները իջեցվել են ԱԻ նախարարության առաջարկով, որպեսզի սպասվող հալոցքների ժամանակ արտակարգ իրավիճակներ չստեղծվեն:

 

Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն` հանձնարարականը կատարվել էր, նույնիսկ շաբաթներ շարունակ Երեւանյան լճի մակարդակը, որը ջրամբարի դեր է կատարում նաեւ Երեւանի հարակից գյուղական բնակավայրերի համար, իջեցված մնաց:

 

Իսկ այսօր ոռոգման ջրով զբաղվող կառավարական մարմինները արդեն հայտարարում են, որ հալոցքներն այս տարի բավարար չեն եղել:

 

Սակայն ուսումնասիրելով մեկ այլ փաստաթուղթ` «Կանխատեսում ՀՀ գետերի 2012 թ. գարնանային վարարումների տարրեր» մոնիտորինգի արդյունքները, որը կազվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը, տեսնում ենք, որ այս գարնանը ՀՀ գետավազաններում ջրային մեծ հոսքեր պետք է ապահովվեր:

 

Ուսումնասիրելով նույն փաստաթղթի ձնածածկույթ բաժինը նկատում ենք, որ այս տարվա փետրվարի երրորդ տասնօրյակի դրությամբ հանրապետության տարածքում եղել է կայուն ձնածածկույթ, բացառությամբ Բագրատաշենի, Արարատի եւ Մեղրիի:

 

Մնացած տարածաշրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 25-ի դրությամբ կազմել է Արագած բ/լ կայանում` 139 սմ, Ամբերդում` 118 սմ, Ջերմուկում` 103 սմ, Որոտանի լեռնանցքում` 135 սմ, Հրազդանում` 87 սմ, Ապարանում` 70 սմ, Ֆանտանում` 53 սմ, Աշոցքում ` 76 սմ եւ այլն:

 

Ձնածածկույթի բարձրության` նորմաների նկատմամբ համեմատությունից պարզ է դարձել, որ այն շրջանների զգալի մասում ձյան ծածկույթը եղել է 2-3 անգամ նորմայից ավելի: Նույն կանխատեսումներով` ՀՀ 3 խոշոր` Ախուրյանի, Ապարանի, Ազատի ջրամբարների համար կանխատեսվել էր 100 տոկոս լցվածություն:

 

Հիշեցնենք նաեւ, որ գարնանային վարարումների ընթացքում ՀՀ տարածքի գետերով անցնում է տարեկան հոսքի 25 տոկոսից մինչեւ 80 տոկոսը, որի արժեքը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ:

 

Այդ դեպքում ինչի՞ համար են Սեւանից ջրի բացթողումները:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը`հեղինակի