Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ 2007 թվականի հուլիսի 20-ին այն ժամանակ նորանշանակ, իսկ այսօր արդեն բազմամյա «փորձ» ունեցող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային այց կատարեց «Դիլիջան» ազգային պարկ, իր 40-ամյակն այնտեղ նշելու որոշմանը զուգահեռ փորձեց ծանոթանալ, թե ինչ աշխատանքներ են կատարվել «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» ծրագրի շրջանակներում, քանի որ այդ տարիներին ՀՀ կառավարության 2006 թ. գործունեության միջոցառումների ծրագրում «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը գերակա խնդիր էր:
Կառավարման պլանով նախատեսված էր, իսկ այսօր իբր ազգային պարկի տարածքում գործում են 8 էկոտուրիստական երթուղիներ, որոնցից մեկը տանում է դեպի Պարզ լիճ: Այն ժամանակ էլ նախարար Հարությունյանը հավաստիացրեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն առանց շրջակա միջավայրին որեւէ վնաս հասցնելու։
6 տարի առաջ բնապահպանության նախարարությունը ազգային պարկի գեղատեսիլ վայրը` ծովի մակերեւույթից 1400 մ բարձրության վրա տեղադրված Պարզ լիճն իր հարակից տարածքներով, 25 տարի ժամկետով վարձակալության տվեց «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը: վերջինս անմիջապես անցավ գործի եւ տարածքում սկսեց իրականացնել կառուցապատման աշխատանքներ` չմոռանալով, որ իր պարտավորությունների մեջ է մտնում լիճը մաքրելու եւ նախկին տեսքի բերելու` պայմանագրում նշված կետը:
Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Պարզ լճի վարձակալ ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ հենց իրենք են առաջարկել նախարարությանը լիճը փրկելու ծրագիրը եւ 2006-2007 թվականներին Պարզ լճից դուրս են բերել մոտ 100 մեքենա աղբ եւ տիղմ: Ավելին` Պարզ լիճը զբոսաշրջության կենտրոն դարձնելու նպատակով նույն ընկերությունը 2007 թվականին հավաստիացրեց, որ ծրագիրը կիրականացվի մի քանի տարվա ընթացքում` փուլ առ փուլ եւ այդ տարածքում 4-5 մլն դոլարի ներդրումներ կարվեն:
Սակայն բնապահպանության նախարարության անուշադրության պատճառով մենք կորցնում ենք այդ գեղատեսիլ վայրը: 2007թվականին մեր կողմից հնչեցված հարցին, թե Պարզ լճի խնդիրներն ինչպես պետք է լուծվեն, նախարար Հարությունյանը պատասխանել էր. «2.2 հա տարածք ունեցող Պարզ լճի տարածքում կան խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի։ Այս տարածքում աշխատանքներ իրականացնողների հետ պետք է հստակ պայմանավորվենք շրջակա միջավայրին չվնասելու շուրջ։ Լճի ծայրամասում կա ճահճացման պրոցես, եւ այդ խնդիրը եւս պետք է աշխատանքային խումբը լուծի` ինչպես վարվենք եւ ինչպիսի գործողություններ իրականացնենք, որպեսզի այդ պրոցեսից ձերբազատվենք»:
Եթե նույն հարցը այսօր տանք նախարարին, ապա նա նույն պատասխանը կհնչի: Սակայն փաստ է, որ լճում ճահճացման գործընթաց կար թե' վարձակալության հանձնելուց առաջ, թե' այսօր, եւ Պարզ լիճն օրեցօր կորցնում է պարզ կոչվելու իրավունքը:
Լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերին 24-ին «Դիլիջան» ազգային պարկի Պարզ լիճ տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր բնապահպանության նախարարության թեժ գծին եւ համացանցում տարածել լուսանկարներ:
Ի պատասխան ահազանգին՝ նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել էին, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Սակայն մինչ օրս նախարարությունը լռում է:
Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաեւ Հանրային խորհուրդ եւ բնապահպաններին: Լուսանկարներից երեւում է, որ անտրոպոգեն գործունեության արդյունքում էական վնաս է հասցվել լճին եւ շրջակա միջավայրին, խաթարվել է Պարզ լճի բնական տեսքը եւ էկոհամակարգը:
Հետաքրքիր է` ինչ գործո՞վ է զբաղված բնապահպանության նախարարությունը` իր համապատասխան ստորաբաժանումներով, որ բնապահպանական խախտումների մասին ահազանգում են անհատ քաղաքացիները, իսկ հետո էլ «բնապահպան» պաշտոնյաները նեղսրտում են, թե ինչպե՞ս եղավ, որ հենց այդ պահին քաղաքացին լուսանկարչական սարքով հայտնվեց համապատասխան վայրում:
Ինչ վերաբերում է տարածքի սողանքային հատվածներին, այդ մասին տեղյակ էր նաեւ վարձակալը եւ խոստացել էր, որ կառուցապատմանժամանակ հիմնական կառույցները լինելու են փայտաշեն: Սակայն պարզվում է, որ այդ տարածքում առկա են քարաշեն կառույցներ: Կոյուղաջրերի հեռացման համար էլ վարձակալը կառուցել է ինչ-որ մաքրման կայան, իսկ աղբահանությանմասին չենք խոսում` բարձիթողի վիճակում է:
Ականատեսները ահազանգում են նաեւ, որ Պարզ լճի ափերը զգալի փոփոխություններ են կրել: Ավելին` էկոտուրիզմի միջազգային չափանիշների համաձայն` արգելվում է մոտորանավակների շահագործումը, իսկ դրանք նավարկում են լճում, ինչի պատճառով էլ մի քանի տարի առաջ կորցրեցին լճում եղած սեւ կարապներին:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարները` Վլադիմիր ՍԱՐՈՅԱՆԻ