Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանքարդյունաբերությունում ներդրումներ անող Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է Եվրոպական դատարանի միջոցով հետ վերադարձնել «Լիճվազք Թեյի» ոսկու հանքավայրում ներդրած 3,5 մլն դոլարը: Նա պնդում է, որ այդ գումարները կորցրել է ապօրինությունների պատճառով։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ հանքավայրի շահագործման թույլտվությունն իրենից ապօրինաբար են խլել, ինչի համար էլ մեղադրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Ըստ բանախոսի` մարզպետ Խաչատրյանը «Լիճվազք Թեյի» հանքավայրից յուրացրել է 102 մլն դրամի սարքավորում` իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում օգտագործելու նպատակով, իսկ 2010-ի դեկտեմբերի 3-ին վերոնշյալ հանքի շահագործման իրավունքը «աճուրդով» փոխանցվել է «Սագամար» ընկերությանը, որը, նրա խոսքով, պատկանում է վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանին:
«Բողոքս ուղղում եմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ դատական համակարգին: Հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, պատճառաբանելով, թե «վերեւից են ասել»: Անօրինական աճուրդ է կայացվել հենց այդ անարդար դատական պրոցեսի ժամանակ»,- ասաց գործարարը` հավելելով, որ իր իրավունքները պաշտպանելու է մինչեւ վերջ: «Այս հարցով դիմել եմ գլխավոր դատախազությանը, իսկ այժմ էլ պատրաստվում եմ դիմել Եվրադատարան՝ հույս ունենալով հետ ստանալ հանքավայրում ներդրած 3,5 մլն դոլարը»:
Գործարար Սիլվա Համբարձումյանն ունի մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ: Բացի այդ` նրան են պատկանում նաեւ նախկինում Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանին պատկանած հացի երեք գործարանները: