կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-13 15:45
Իրավական

''Արմենալի'' բանվորների գործը կհասնի Եվրադատարան

''Արմենալի'' բանվորների գործը կհասնի Եվրադատարան
Շաբաթներ առաջ «Ռուսալ-Արմենալ» գործարանը պարզաբանում էր տարածել գործարանի բանվորների փաստաբան Լևոն Բաղդասարյանի այն հայտարարության վերաբերյալ, թե գործարանի տնօրինությունն իր բանվորներին սպառնում է։ Հիշեցնենք, որ ընկերությունը չի վճարել աշխատողներին հասանելիք` միջին աշխատավարձի 50 %-ի չափով վնասակարության գումարը: Գործարանի տնօրինությունը հայտարարել էր, որ երբևէ չի սպառնացել բողոքող բանվորներից որևէ մեկին աշխատանքից հեռացումով կամ որևէ այլ վարչական ճնշմամբ:

 

«Լեւ» գրուպ իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բարսեղյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ  ներկայումս բանվորների հավելավճարների գործով նյութեր են նախապատրաստում Եվրոպական դատարան դիմելու համար:

 

«Հայաստանյան 3 դատական ատյանների իրարամերժ որոշումներից հետո մեզ այլ բան չի մնում, քան Եվրադատարան դիմելը»,- ասաց նա և հավելեց, որ բանվորներին սպառնալու լուրերն ինքը չի հորինել, այլ այդ մասին տեղեկացել է իր վստահորդներից։ Ինքն էլ, ըստ էության,  հավատում է աշխատակիցներին:

 

Ավելին` գործարանի աշխատակիցներից մեկը, ում անունը փաստաբանը չցանկացավ նշել, ասել է , որ ինքը նախկինում աշխատել է «Արմենալում», ապա դուրս եկել աշխատանքից։ Հետո, երբ աշխատանք ստանալու համար կրկին դիմել է գործարան, նախնական համաձայնություն է ստացել, սակայն հետո նրան չեն ընդունել աշխատանքի՝ պատճառաբանելով, որ գործարանի դեմ դատական նիստերին տեսել են նրան։

 

«Թողնենք օրենքը մի կողմ, եթե կան գործատու-աշխատակից հարաբերություններ, դրանք չեն կարող վատ լինել։ Բնականաբար, ցանկալի չէր, որ, որպես ծայրահեղ միջոց, բանվորները դիմեին դատական պաշտպանության։ Սակայն երբ դիմում է ոչ թե մեկը, այլ ամբողջ արտադրամասը, դա այլ խնդիր է»,- նշեց փաստաբանը:

 

Փաստաբանի խոսքով` սակայն, իր վստահորդներն իրեն բազմիցս տեղեկացրել են, որ իրենց անընդհատ հիշեցնում են, որ չլարեն գործատուի հետ հարաբերությունները:

 

«Անգամ եթե ենթադրենք, որ աշխատողի բողոքը ճիշտ կամ իրավաչափ չէ, աշխատողն իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով և դա պետք չէ նրա դեմ օգտագործել»,- եզափակելով միտքը` ասաց Լ. Բաղդասարյանը։