կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 14:10
Առանց Կատեգորիա

Ե՞րբ է գալու ժողովրդին հավատարիմ լինելու պահը

Ե՞րբ է գալու ժողովրդին հավատարիմ լինելու պահը
Հավանաբար բոլորդ նկատեցիք, թե ինչպես էին «պաշտպանվում» պաշտոնանկ եղած չինովնիկները, երբ մամուլում դեռ որեւէ խելքը գլխին վարկած չկար նրանց պաշտոնանկ անելու մասին: Ե'վ Ալիկ Սարգսյանը, ե'ւ Հովիկ Աբրահամյանը շտապեցին հայտարարել, որ մնում են գործող նախագահի թիմի անդամ, հավատարիմ են Սերժ Սարգսյանին: Վստահ եմ, որ սպասվող պաշտոնանկները եւս նման հայտարարությամբ են հանդես գալու: Բացի նրանից, որ նման հայտարարությունը ծիծաղելի է, ի՞նչ է սա նշանակում:

   

Սա նշանակում է, որ իրենք էլ չգիտեն, թե Սերժ Սարգսյանն ինչու է պաշտոններն ազատում իրենցից: Նրանք կարծում են, թե միակ կամ առնվազն առաջին խնդիրը հավատարմությունն է: Սա իր հերթին նշանակում է, որ առաջիկա ընտրությունները Հովիկ Աբրահամյանը ձախողելու է: Ինչո՞ւ: Որովհետեւ հավատարմությունն ապացուցելու համար բոլոր միջոցներն ընդունելի են:

 

ԱԺ նախկին նախագահը հին մարդ է, եւ նրա համար շատ ուշ է իսկապես ժողովրդավարական մեթոդներով ընտրություններ անցկացնելու համար: Հնարավոր է, որ ամբողջ ՀՀԿ-ն իրեն տրամադրի հենց այն մտքին, որ ոչ մի կեղծիք չեն անելու, բայց բուն ընտրությունների օրը Հովիկ Աբրահամյանի ձեռքերը չեն կարող քոր չգալ: Առջեւում դեռ 6 ամիս կա, եւ ուշ չէ ԱԺ նախկին նախագահին բացատրել, որ կեղծել պետք չէ, առավել եւս, որ կեղծողը դու չես լինելու: Եվ բացառված չէ նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը դա հասկանա, բայց ո՞վ է պատասխան տալու, եթե ՀՀԿ-ն ընտրություններում հավաքի, ենթադրենք, 30 տոկոս: Կոալիցիան գլխավորելու համար սա վատ պաշար չէ, բայց շատ խուճապային թիվ է նախագահի ընտրություններ գնալու համար:

   

Իսկ ինչո՞ւ են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանին ուղարկել ՀՀԿ նախընտրական շտաբ: Որպեսզի Հովիկ Աբրահամյանն իր դատապարտվածությունը չգիտակցի, չհասկանա, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած պետական կառավարման ապագա տեսլականի մեջ ինքն անելիք չունի: ԱԺ դեռեւս գործող նախագահը հո չի մտածի, որ Միքայել Մինասյանը նույնպես ՀՀ նախագահին հավատարիմ լինելու խնդիր ունի: Ճիշտ է, հարազատ որդին չէ, բայց լավ փեսան միշտ էլ հարազատ որդու տեղ է անցնում:

 

Նշանակում է` Հովիկ Աբրահամյանն այդ շտաբում եղանակ ստեղծող չէ զուտ ինտելեկտուալ լուծումների մակարդակով: Ինչն իր հերթին նշանակում, որ եթե Հովիկ Աբրահամյանին որեւէ դեր է վերապահված, դա, այնուամենայնվիվ, խուճապի ժամանակ (այսինքն, եթե ՀՀԿ-ն հասկանա, որ ընտրություններն իր պատկերացրած սցենարով չեն անցնում կամ ժողովրդավարական ընտրությունները սպառնալիք են իր համար) ընտրություններն իրենց իմացած ուղիով շեղել կարողացողի դերն է:

   

Այսպիսով, մինչ հեռացողները մտածում են, թե հիմնական պրոբլեմը Սերժ Սարգսյանի հանդեպ հավատարմության կասկածների մեջ է, Սերժ Սարգսյանը մտածում է պետական կառավարման ապարատը թափ տալու, այլ խոսքով՝ մաքրազարդելու մասին: Ինչպե՞ս: Ես ենթադրում եմ, որ պաշտոնանկ է արվելու նաեւ Սյունիքի մարզպետը: Բայց նա հզոր լծակ է առաջիկա ընտրություններում ձայներ ապահովելու համար: Նրան անմիջապես պատմության աղբանոց ուղարկելն ափսոս է: Նշանակում է` Լիսկան կհամակարգի Սյունիքում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները, եւ ոչ մի կասկած, որ հընթացս նա նույնպես կխոսի Սերժ Սարգսյանի հանդեպ հավատարմության մասին: Գլխավոր հարցը մնում է՝ տղերք, իսկ ե՞րբ է գալու ժողովրդին հավատարիմ լինելու պահը:


Սեյրան Հանոյան