Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որպեսզի մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով, իրական դեմքերով և այլն: Եւ ամենակարևորը՝ այդ նպատակի համար հատկացվել է բավականին կոկիկ գումար: Շան տեղ չենք դնելու, նաև կոչ չենք անելու մեր հեռուստադիտողներին մեզ աջակցելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու համար», գրել է Հարություն Հարությունյանը:
Խնդիրը, գրել է «5-րդ ալիք» ՀԸ տնօրենը, «ոչ միայն մենք ենք, այլեւ վաղուց մերժված երևույթը՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ բաժանումը և վարկաբեկումը»:
«Այդ կեղծ օգտատերերը (բնական է, հասկանում եք՝ ինչ օգտատերերի մասին է խոսքը) մեզ ներկայացնում են որպես «ղարաբաղյան հայասպան կլանի խոսափող»: Նրանք չեն խորշում անգամ սեպ խրել ազգի երկու հատվածների միջև: Տեքստի թե բովանդակությունը և թե շարադրանքը հուշում են՝ ում նախաձեռնություն է: Վերջին շրջանում ֆեյսբուքյան live թողարկումներում նմանատիպ տեքստերի պակաս չկա, ամեն ինչ պարզ է և հստակ, բայց դրա մասին չէ, որ ուզում էի գրել: Ուղղակի ուզում եմ ասել՝ տղերք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը և կապ չի ունենալու ով՝ ում դիմակի և ինչ հորինված անվան տակ է գործում», նշել է «5-րդ ալիք» ՀԸ տնօրենը եւ խոստացել․ «հատուցումը անասելի դաժան է լինելու»:
«Իսկ թե ինչու՞ հատկապես մինչև մայիսի 8-ն է հանձնարարված, փորձեք ինքներդ ձեզ հարցնել և եթե մի գրամ ուղեղ ունեք՝ գտեք այդ հարցի պատասխանը: Ձեզ՝ «բարի» մաքառում»,- գրել է Հարություն Հարությունյանը: