Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թե ինչու կառավարությունը տնտեսության իրապես ռիսկային մի շարք ոլորտներում, ինչպիսին, ասենք, գյուղատնտեսությունն է, մինչ այժմ չի կիրառում ապահովագրության համապարտադիր սկզբունքը, հասկանալի չէ: Գյուղատնտեսությունն, իրոք, ռիսկային է, Հայաստանի բնակլիմայական պայմաններն էլ, իրոք, առանձնահատուկ են՝ տարին մի քանի անգամ կարկուտ, փոթորիկ ու երաշտ:
Այլ է ԱՊՊԱ-ն, այն գյուղատնտեսություն չէ, փոխարենը «բերքահավաքը» կանխատեսելի և մշտապես առատ է: Այս տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ ապահովագրական ընկերություններին վճարվել է ավելի քան 13,5 մլրդ դրամ, որից ավտոպատահարների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կազմել է մոտ 3,5 մլրդ դրամ կամ հավաքագրված գումարների շուրջ 25 տոկոսը: Նկատենք, որ 9 ամիսների ընթացքում բավարարվել է շուրջ 16 հազար դիմում, այսինքն, ամսական կտրվածքով` 2000-ից պակաս: Այլ կերպ` մինչև տարեվերջ կարելի է կանխատեսել ԱՊՊԱ փոխհատուցումների առավելագույն չափը և ակնկալվող շահույթները…
Ահա այստեղ պարզվում է, որ սա ամենաապահովագրված բիզնեսն է Հայաստանում` շատ մեծ գերշահույթներով, որի թիկունքում կանգնած են նախկին ու ներկա կարկառուն իշխանավորներ: Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաշվարկված սակագնի կառուցվածքում պատահարների դիմաց հատկացումների համար նախատեսվում է հավաքագրված գումարների 75 տոկոսը: Իսկ ահա 25 տոկոսի մեջ մտնում են ապահովագրական ընկերությունների կողմից ակնկալվող շահույթները, ապահովագրավճարներից բյուրո կատարվող մասհանումները, ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարները:
Ստացվում է, որ սակագների հիմքում դրվել են ոչ իրատեսական հաշվարկներ, ինչի արդյունքում էլ գոյանում են գերշահույթներ: Ու ԱՊՊԱ-ի սակագների վերանայման շուրջ ծավալվող խոսակցություններին ի պատասխան, իշխանությունները որոշեցին մի փոքրիկ «խայծ» գցել, թե` տեսեք-տեսեք, դաշտը վերահսկվում է, և այդ շահույթները ուղղորդվելու են: Մոտավորապես մեկ ամիս առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում հրավիրվեցին լսումներ, որից հետո հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակի, էապես կմեծանան երաշխավորման ֆոնդի միջոցները, և կապահովվի համակարգի առավել մեծ կայունություն: Այս նպատակով առաջարկվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամ ընկերություններին, կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011թ. համար նախատեսված մասի 15 տոկոսը 2012թ. առաջին եռամսյակում փոխանցել Երաշխավորման ֆոնդ:
Իսկ Երաշխավորման ֆոնդ կոչվածն էլ, նույն բյուրոյի կազմում ստեղծված ֆոնդ է, որը օրենքով սահմանված քանի բացառիկ դեպքերում, կատարում է վճարումներ, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, երբ վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող կամ հափշտակված, կամ ապօրինաբար տիրացված ավտոմեքենայի կողմից: Այսպիսի դեպքեր, թեև հազվադեպ, բայց լինում են: Մինչդեռ ապահովագրավճարների 15 տոկոսը բավական մեծ գումար է:
Հազիվ թե այս նախաձեռնությունը ոգևորի ապահովագրական ընկերություններին, բայց հետաքրքիր է, որ այն չի ոգևորել նաև կառավարությանը: Ըստ կառավարության պաշտոնական կայքի` «կառավարության եզրակացության համաձայն` նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո»: Հաղորդագրության մեջ տեղ գտած այս «իր»-ը ո՞վ է` կառավարությու՞նը, վարչապե՞տը:
Երեկ փորձեցինք պրն Մինասյանից ճշտել, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը: Վերջինիս դեռևս հայտնի չէր, թե կառավարությունում ինչ առաջարկություններ կան իր օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Մինչդեռ մարդը ջանացել էր, ավելին, օրենսդրորեն ուղղորդել էր ապահովագրական ընկերություններին, թե քանի որ վերջիններս հավաքագրած միջոցները միաժամանակ չեն ծախսում, ուստի հնարավորություն ունեն դրանց ազատ մասը որպես ավանդ ներդնել առևտրային բանկերում` տարվա ընթացքում ստանալով հավաքագրված միջոցների շուրջ 5 տոկոսի չափով լրացուցիչ միջոցներ: Այնպես չէ, որ ուղղակի 15 տոկոսից կտրելով` պատգամավորը չի մտածում նրանց մասին: Միայն թե 5 տոկոսն` ուր, նրանց ախորժակն` ուր: Իսկ թե օրինագիծը, համապատասխան ընթացակարգեր անցնելով, ե՞րբ կյանքի կկոչվի, դեռ հայտնի չէ: Իսկ այն, որ եկող տարվա առաջին եռամսյակում հաստատ վերոնշյալ 15 տոկոսը փոխանցված չի լինի, դա կարելի է համոզված ասել:
Ի վերջո, ԱՊՊԱ-ի շուրջ հանրությանը հուզող այնքան օրակարգային հարցեր կան` սկսած չհիմնավորված բարձր սակագներից, վերջացրած մայրաքաղաքում երթևեկության գրեթե կաթվածահար վիճակը, որ Երաշխվորման ֆոնդի միջոցների համալրումը տվյալ պահին դառնում է, մեղմ ասած, երկրորդական հարց:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ