Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանն աչքի չի ընկնում մանուկների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերի առատությամբ: Չնայած տարեցտարի Հայաստան են ներմուծվում կարուսելներ եւ շարժական ատրակցիոններ, այնուամենայնիվ, դրանց մատչելիությունն ու սպասարկման որակը դեռեւս հեռու են բավարար լինելուց։
Ատրակցիոնային արտադրությունը ողջ աշխարհում բավական շահութաբեր բիզնես է համարվում: Հայաստանում այդ զվարճալիքները հիմնականում նախատեսված են մանուկների համար եւ ակնհայտ զիջում են հանրահայտ «դիսնեյլենդներին»` թե՛ սպասարկման որակով, թե՛ կարուսելների բազմազանությամբ: Փոխարենը` մեզանում դրանք շատ ավելի «անվնաս» են, քան ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում: ԱՄՆ-ում, որտեղ ատրակցիոնային արտադրությունը որակի առումով ամենաբարձրն է, կարուսելներից ստացած վնասվածքներից տարեկան մահանում է 3-4 մարդ, իսկ մի քանի տասնյակ հաճախորդներ մարմնական ամենատարբեր խեղումներ են ստանում:
Մեր երկրում վիճակագրական նման տվյալներ չկան: Կարուսելների անսարքության պատճառով, բարեբախտաբար, վերջին 20 տարիներին լուրջ միջադեպեր գրեթե չեն գրանցվել: Օղակաձեւ զբոսայգու մի հատվածում տեղակայված «Լունապարկ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը նշում է, որ ատրակցիոնների պտույտի տեւողությունն ինքնակամ որոշում չէ, այլ բխում է սահմանված միջազգային չափանիշներից, քանի որ սարքավորումները ներկրված են Իտալիայից եւ Չեխիայից։ «Ամեն տարի մենք համալրում ենք դրանք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն հեռուստացույցով դիտեն, այլեւ մեզ մոտ վայելեն այդ խաղերը։ Պտտելու տեւողությունը կարճ է սահմանվում, որպեսզի երեխաները չքնեն այդ ընթացքում»,- բացատրում է Ս.Գյուլամբարյանը։
4-ամյա Անիի մայրն իր փոքրիկին կարուսել նստեցնելիս անպայման հետեւում է, որ այդ ատրակցիոնին կից փակցված լինի փորձաքննության մասին դրական եզրակացություն: «Մեկ տարի առաջ տեղի ունեցած վերջին դեպքից հետո մի փոքր խուսափում ենք եւ զգուշանում ատրակցիոնների ընտրության հարցում»,- ասում է փոքրիկի մայրը: 2005 թվականին ստեղծված արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը իրավասու է իրականացնել փորձաքննություններ, ատրակցիոնների վերահսկման եւ ստուգման գործառույթներ:
Կենտրոնի փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը վստահեցնում է, որ Երեւանում` Հաղթանակի զբոսայգում, մեկ տարի առաջ տեղի ունեցած վթարը փորձաքննություն չանցնելու պատճառով էր։ «Տվյալ կարուսելը նոր էր ներմուծվել ու տեղադրվել, վրան նաեւ ինքնաշեն մասեր էին եղել, որոնք լավ չէին ամրացված ու պոկվել էին: ԱԻՆ-ի համապատասխան հանձնաժողովի կողմից նշանակվել է 3 մլն դրամ տուգանք»,- ասում է Վլադիմիր Հովսեփյանը: Վերանորոգումից ու փորձաքննությունից հետո` դեպքից մեկ տարի անց, կարուսելը կրկին շահագործվում է:
«Հաղթանակ» զբոսայգու վարձակալ համարվող «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանը նշում է, որ այգու` 3 տասնյակից ավելի ատրակցիոնները ամեն տարի անցնում են տեխզննում համապատասխան մարմինների կողմից: Երեխաների անվտանգ ժամանցն ապահովելը առաջին հերթին իրենց հեղինակության խնդիրն է։ Յուրաքանչյուր սեզոնի վերջում կատարվում է շահագործվող ատրակցիոնների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձագիտական ուսումնասիրություն, իսկ հաջորդ սեզոնից մեկ ամիս առաջ` փորձարկման աշխատանքներ։
Ըստ Թ. Ումրիկյանի` յուրաքանչյուր ատրակցիոնի փաստաթղթում զետեղված է նրա շահագործման տեւողությունը եւ տարիքային սահմանափակումները, նաեւ նախատեսված է պտույտի ժամանակը, օրինակ` ճոճվողների համար սահմանված է 1-3 րոպե, «Պտտվող անիվի» համար` 6 րոպե։ «Չնայած ամեն ինչ հաշվարկված է, սակայն տեխնիկան ունի վտանգի գործոն, այդ իսկ պատճառով առավել վտանգավորները ես չեմ վստահում երիտասարդներին, այլ` միայն փորձառու հսկիչներին, որոնք ցանկացած պահի կարող են արգելակել շարժիչը»,- ասում է տնօրեն Թ.Ումրիկյանը: Ինչպես նշում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական ծառայության պետ Վ.Հովսեփյանը, անցյալ տարվա վթարից հետո բոլոր տնտեսվարող սուբյեկտները փորձաքննություն իրականացնելու համար տարին պարտադիր մեկ անգամ դիմում են արտակարգ իրավիճակների նախարարություն։ «Թեեւ նախկինում փորձաքննություն անցնելը եւս պարտադիր էր, սակայն 10-15 կարուսել էին անցնում, պարտաճանաչ չէին, չէին վախենում, դեպքից հետո սկսեցին զգոն լինել»,- ասաց նա։
Երեւանում գրանցված 78 կարուսելներից 67-ի մոտ մինչ դրական եզրակացություն ստանալը փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են տարբեր թերություններ, եւ բոլորին ժամանակացույց է տրվել դրանք շտկելու համար։ Այժմ դրանք կարող են անվտանգ ծառայել զբոսայգիների այցելուներին: Իսկ «Անառիկ բերդաձոր» կազմակերպությանը պատկանող 11 ատրակցիոնները դեռ չեն անցել փորձաքննություն` կազմակերպությունում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով:
Գոհար ԽՈՒՄԱՐՅԱՆ