Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրբապատկերը զարդարում, ձեւավորում, համախմբում եւ մեկտեղում է եկեղեցու ներքին` խորհրդանշական պատկերը: Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ աստվածային հրաշքով են ի հայտ եկել առաջին երկու սրբապատկերները:
«Սրբանկարչությունը բյուզանդական արվեստում առաջին հերթին ուսումնասիրում է սրբի պատկեր նկարելու գաղափարական իմաստուն բովանդակությունը եւ դրա պատկերային արտահայտությունը, որտեղ Սրբի պատկերն ունի կանոնիկ հորինվածք»,- ասաց Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը` հավելելով, որ քրիստոնեական աշխարհում այդպես էլ մշակվել են սրբանկարչության կանոնները, որոնց սահմաններում յուրաքանչյուր ազգ ունի սրբանկարչության իր դպրոցը:
Նա նշեց, որ սրբանկարչության մեջ ազգային առանձնահատկությունն այն է, որ թեմատիկ տեսարաններ ենք պատկերում` մանրանկարչությունից եւ որմնանկարչությունից ժառանգած. «Հիմնականում հայ եկեղեցու սրբերին են պատկերում, որոնք «պատմում» են նաեւ հայ եկեղեցու պատմությունը»:
Ի տարբերություն բյուզանդական սրբապատկերի, որը պատկերում են փայտի վրա, մեզ մոտ այն պատկերվում է կտավի վրա: Հայկական սրբանկարչության խոշոր հավաքածուները պահվում են Էջմիածնում եւ Ազգային պատկերասրահում: 18-19-դարի գործերը վատ են պահպանվել:
«Սրբանկարների ոչնչացման պատճառը անաստվածության տարիներն էին. ունենք այնպիսի սրբանկարներ, որոնք պատռված են»,- ասաց Ավետիսյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ Ազգային պատկերասրահում տարիներ առաջ ցուցադրվում էր մոտ 23, իսկ այսօր արդեն` 48 սրբանկար. ցուցադրվող սրբանկարների կեսը վերականգված են, այսինքն` Ազգային պատկերասրահում եղած 140 աշխատանքներից 1/3-ը վերականգնվել է:
Ազգային պատկերասրահում նկարների վերականգնողական աշխատանքներ իրականացնող անձնակազմը բաղկացած է 4 հոգուց, ովքեր չեն հասցնում սրբանկարների վերականգնման աշխատանքներն իրականացնել: Հատուկ սրբանկարների վերականգնողական աշխատանքների համար պետության կողմից ֆինասավորում չկա:
«Սրբանկարների վերականգնման համար երկար ժամանակ է հարկավոր եւ հատուկ սարքավորումներ: Հարկավոր է հովանավոր գտնել, ինչը շատ դժվար է: Պետությունը բյուջեից գումար տրամադրում է, բայց դա այնքան քիչ է, որ տրամադրված գումարով կարողանում ենք միայն հոգալ նոր ցուցադրության ծախսերը»,- ասաց գիտաշխատողը` հավելելով, որ լինում են դեպքեր, երբ վերականգնողական բաժինը ստանում է նաեւ օգնություններ:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ