կարևոր
2758 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 09:40
Քաղաքական

Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»

Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 4-րդ տարեկան հանդիպում եւ բիզնես ֆորումը։ Ֆորումի շրջանակում, որը Հայաստանում սկսվել է մայիսի 14-ից եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 16-ը, մասնակցում են աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ, կան հատուկ հրավիրված հյուրեր արտասահմանից, ինչպես նաեւ մի շարք օտարերկրյա դեսպաններ։ Երեկ ֆորումի 2-րդ օրն էր, երբ որպես բանախոս հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով: Փաշինյանը, խոսքը սկսելուց առաջ, նախ ներողություն խնդրեց, քանի որ պիտի հայերեն ելույթ ունենար, ապա ելույթում բեմից հայտարարեց իր՝ 6 տարվա կառավարության ընթացքում ձեռք բերած «հաջողությունները»՝ թվերով։

Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ թեեւ 6 տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է Covid-19-ի համավարակի, պատերազմների միջով, այնուամենայնիվ գրանցել է 30% տնտեսական աճ։ Տնտեսագետները կփաստեն, որ եթե այդպես լիներ, ապա Հայաստանը կհավակներ դառնալ Սինգապուրը, եւ կստեղծվեր «հայկական հրաշքը»։ Ինչեւէ, սա միակ արձանագրված փաստն էր, որը կապ ուներ այս Ֆորումի հետ։ Փաշինյանը բեմից օգտագործեց շանսը եւ խոսեց ոչ թե բուն ֆորումի կամ ՀՀ-ում այսքան պատվիրակություններ հյուրընկալելու մասին, այլ նույն պահին դրսում բողոքի եւ իրազեկման ակցիաներ իրականացնող քաղաքացիներին ուղերձ հղեց։ Նա պարբերաբար շեշտեց, որ. «Մենք խաղաղության կոչ ենք անում, որի ապացույցն է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը չգիտենք՝ ինչ ասել է խաղաղություն»։ Փաշինյանը, պահը բաց չթողնելով, ընդգծեց, որ սահմանագծում եւ սահմանազատում անում են Խորհրդային միության փլուզումից հետո ունեցած քարտեզներով՝ կրկին հիշեցնելով Ալմաթիի հռչակագիրը։

Փաշինյանի ելույթը, որը կապ չուներ այս ֆորումի հետ, անհասկանալի էր մեկ տասնյակից ավելի հյուրերի համար։ Նկատենք, որ Օպերայի ներսում եւ բակում խնջույք էր՝ իսկական տոն, սակայն ոստիկանական պատնեշներից այն կողմ բուռն ակցիաներ էին, խտացված դժգոհություն, քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ եւ երբեմն բռնություն՝ քաղաքացիների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ շրջել եւ ֆորումի մասնակիցների հետ զրուցել է, ինչից էլ պարզ դարձավ, որ նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում Օպերայի շրջակայքից դուրս, ինչ են մարդիկ պահանջում: Այնուամենայնիվ, որոշները տեղյակ էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների մեջ են, սակայն մեկնաբանել տեսախցիկի առջեւ որեւէ կերպ չցանկացան։ Ավելին՝ հյուրերից մի քանիսը տարածքը լքելիս միայն տեսան, թե ինչ է կատարվում:

Հետաքրքրվեցինք, թե տեղյակ են, ինչպես են վերաբերվում տեղի ունեցող երեւույթներին, սակայն պատասխանը մեկն էր՝ սա ակցիա է, որը սատարում է Վրաստանին։ Բացատրելով, որ հավաքված քաղաքացիները դեմ են միակողմանի սահմանագծմանը եւ սահմանազատմանը, որն իրականում կապիտուլյացիա է, ու նաեւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ֆորումի մասնակիցները որպես արձագանք չզարմացան, այլ ասացին, որ հասկանում են, թե ովքեր են Փաշինյանի՝ բեմից ուղարկված մեսիջների հասցեատերերը։ Իշխանությունը երեկ առավելագույնս ջանացել էր, որ քաղաքացիների աղմուկը լսելի չլինի. Օպերայի բակում 15-ից ավելի բարձրախոս էին տեղադրել, ապահովել կենդանի երաժշտություն։ Իշխանությանը, կարող ենք ասել, չհաջողվեց հյուրերին հետ պահել ցուցարարներից, սակայն իրեն Փաշինյանն ապահովագրել էր՝ նույնիսկ Օպերայի դահլիճում մեկ մարդու հաշվով մեկ անվտանգության աշխատակից կանգնեցնելով»։