կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-27 12:35
Քաղաքական

Հայ-ադրբեջանական համաժողով` Վաշինգտոնում

Հայ-ադրբեջանական համաժողով` Վաշինգտոնում

Վաշինգտոնում օրերս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական համաժողով, որին մասնակցել են երկու կողմերի պաշտոնական եւ ոչ պաշտոնական ներկայացուցիչներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

 

Նա նշեց, որ սա երկխոսություն սկսելու առաջին եւ արդյունավետ հանդիպումը կարելի է համարել: Իսկ հանդիպման արդյունավետ լինելը բացատրվում է նրանով, որ այն չի ունեցել քարոզչական նպատակ. «Դրա նպատակը Ղարաբաղի հակամարտությունը լուծելը չէր, այլ  Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ երկխոսության դուռ բացելու իրական փորձ էր»:

 

Համաժողովը կազմակերպված է եղել «Պատկերացրու» ՀԿ-ի կողմից, որը հայ-ադրբեջանական համատեղ ծրագիր է իրականացնում: Համաժողովի ժամանակ մի քանի կարեւոր համաձայնություններ են ձեռք բերվել:

 

Նախ` որոշվել է, որ շարունակական են լինելու նման հանդիպումները, երկրորդ` ավելի ընդգրկուն են դառնալու, մասնակցության հրավիրեր են ստանալու նաեւ Արցախի ներկայացուցիչները, եւ երրորդ` հաշվի են առնվելու, որ կարող են լինել նաեւ անհամաձայնություններ:

 

«Մենք պայմանավորվածության եկանք, որ կարող ենք միմյանց հետ չհամաձայնել, բայց դա չպետք է  երկխոսությունը դադարեցնելու պատճառ լինի»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

 

«Երկիր»-ի այն հարցին, թե այս դեպքում ի՞նչ իմաստ ունի չհամաձայնելով երկխոսելը, եթե երկխոսությունների իմաստը հենց ընդհանուր հայտարարի գալն է, քաղաքագետը պատասխանեց. «Թեպետ ես ասում եմ չհամաձայնելու մասին, սակայն երկխոսության գործընթացը, վերջ ի վերջո, հուսով ենք, որ կոնսենսուսի է բերելու: Կարիք կա, որ Ադրբեջանի հասարակությունը լսի Հայաստանի տեսակետը, քանի որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն անընդունելիորեն մաքսիմալիստական է: Սա Հայաստանի քաղաքացիական հասարակության համար փորձ է ջարդել Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, որն ուղղված է իրենց իսկ ժողովրդին: Եվ բացի այս, մենք ցուցադրում ենք աշխարհին, որ կարող ենք խոսել որտեղ եւ երբ կարիք լինի»:

 

Քաղաքագետը նշեց, որ այս համաժողովը նաեւ այն առումով է կարեւոր, որ փորձ է արվում տարանջատում մտցնել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների միջեւ: Ավելի կարեւոր է, որ նման հանդիպումը թույլատրվել է հենց Բաքվի կողմից: