կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 14:37
Քաղաքական

Նախընտրական փուլում էլ կսատարենք ՀՀԿ-ին

Նախընտրական փուլում էլ կսատարենք ՀՀԿ-ին

Խորհրդարանական ընտրությունների շեմին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը սատարելու մտադրություններ հայտնող կուսակցությունների եւ քաղաքական ուժերի շարքը ստվարանում է: Իշխող կուսակցությանն արդեն իսկ համագործակցության առաջարկ է արել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

ՀՀԿ-ին սատարելու մասին վերջին շրջանում խոսել են նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Վ. Մանուկյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել որեւէ քաղաքական հարցի` ասելով, որ «քաղաքականության մեջ ինքը չկա եւ կապ չունի ՀՀԿ, ԲՀԿ կամ որեւէ այլ կուսակցությոան հետ»:

 

Իսկ Խ. Հարությունյանը նշեց, որ կոնկրետ առաջարկ ՀՀԿ-ին չի եղել, բայց բոլորն էլ գիտեն, որ իր գլխավորած կուսակցությունը եղել եւ մնում է Հանրապետականի ջատագովը:

 

«Մեր կուսակցության համագործակցությունը ՀՀԿ-ի հետ նոր չէ. դեռեւս 2007թ.-ից մենք համագործակցում ենք, նախագահական ընտրություններին պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մի խոսքով` անցած տարիների ընթացքում աջակցել ու պաշտպանել ենք թե' Հանրապետական կուսակցության, թե' նախագահի արտաքին ու ներքին բոլոր նախաձեռնությունները: Եվ ես չեմ կարծում, որ նախընտրական փուլում այդ համագործակցությունը կընդհատվի: Թե ինչպիսի՞ կոնկրետ ձեւավորում կստանա եւ ինչպիսի՞ ֆորմատի կվերածվի այդ համագործակցությունը, կվերածվի՞, թե՞ չէ, դեռ վաղ է այդ մասին խոսել, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը, կարծես, դեռ իր կոալիցիոն ընկերների հետ խնդիրներ ունի»,- yerkir.am-ի թղթակցին ասաց նա: