Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամը չունի այնպիսի իրավասություններ եւ հնարավորություններ, որ վնաս հասցնի ՄԱԿ-ի անդամմեկ այլ երկրի: Եվ այս առումով Հայաստանը մտահոգվելու խնդիր չունի, որ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է ընտրվել Ադրբեջանը:
Մտահոգիչ կարող է լինել այն, որ Ադրբեջանը կարող է ԱԽ-ում իր պետության շահերից բխող բանաձեւեր անցկացնել, սակայն, դրա հավանականությունը նվազագույնի է հասնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:
«Այնտեղ որեւէ բանաձեւի անցկացումն ուղղակիորեն առնչվում է ԱԽ մյուս անդամներին` առավելապես մշտական անդամներին, որոնք ունեն վետոյի իրավունք: Իսկ մշտական հինգ անդամներից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող են, որոնց դիրքորոշումները անհայտ չեն: Հետեւաբար` շահող կամ տուժող կողմ չկա այստեղ»,- նշեց նա:
Սակայն, եթե Ադրբեջանն իրականում շահող կողմ չէ, այդ դեպքում ինչո՞ւ էր իրեն կոտորում ԱԽ անդամ դառնալու համար: Կ. Բեքարյանի խոսքերով` դա նախ հնարավորություն է տալիս իրենց ներքին լսարանի համար դիվանագիտական ճակատում հաղթող լինելու պատկեր ստեղծել եւ հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ շեղել իրական խնդիրներից:
Մյուս կողմից` քանի որ Ադրբեջանը ունի ժողովրդավար երկիր չլինելու իմիջի խնդիր, ըստ իրենց` կարող է փոքր-ինչ մեղմել պատկերացումը միջազգային հանրության մոտ:
Կ. Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանի` նման դիվանագիտական «հաղթանակաները» որոշակիորեն դրական են հենց մեզ համար: Հայտնի է, որ նման հաղթանակաների համար Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում, իսկ դա նշանակում է, որ այդքանով քիչ գումար հատկացվում է սպառազինությանը:
Իսկ այն, որ ԱԽ անդամ է դառնում մի պետություն, որն ունի ժողովրդավար չլինելու խնդիր, ունի չլուծված հակամարտություն, որտեղ իշխանությունը «ժառանգական» է, նշանակում է, որ ՄԱԿ-ը էական բարեփոխումների կարիք ունի: Իսկ եթե ՄԱԿ-ն ունի այդ խնդիրը, ուրեմն նման խնդիր ունի նաեւ ՄԱԿ-ի անդամ Հայաստանը: