կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-23 23:52
Հասարակություն

Ինչպես վարվել, երբ երկրաշարժ է

Ինչպես վարվել, երբ երկրաշարժ է

Դատելով facebook-յան քննարկումներից` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջացած անհանգիստ վիճակը մեզ մոտ դեռ շարունակվում է: Ուստի տեղին է մեջբերել Արտակարգ իրավիճակների նախարարության խորհուրդները:

 

Եվ այսպես` ամենակարեւորը ինքնատիրապետումն է, հանգստությունն ու հստակ կշռադատված գործողությունները:

 

Եթե երկրաշարժի ժամանակ բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն: Եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից` առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակներն են փլվում։

 

Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ: Պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին:

 

Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել: Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով: Շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից: Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել, այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

 

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, ապա հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն: Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում, միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

 

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, ապա դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։ Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

 

Եթե մետրոյում եք, խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը: Ցնցման ժամանակ ամուր բռնեք որեւէ առարկայից‚ օրինակ` ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք: 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը: Դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։ Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

 

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից, ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։ Օգտվեք միայն գրպանի լապտերից։ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։