կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-21 20:49
Առանց Կատեգորիա

Գլուխգովանությունը` տարածաշրջանային երևույթ

Գլուխգովանությունը` տարածաշրջանային երևույթ

Տեղեկացանք, որ, ըստ վրացական լրատվամիջոցների, հոկտեմբերի 20-ին Վրաստանի նախագահն իրենց երկրի կառավարման համակարգի էֆեկտիվությանը նվիրված քննարկման ժամանակ ասել էր. «Եթե մեր կառավարությունը լիներ, արդյոք 2 ժամում չէ՞ր մաքրի տարածքը: Տեսեք` որքան ժամանակ ոչ ոք չէր գալիս` ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են: Բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում լուծել է էլ ավելի բարդ խնդիրներ: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում էֆեկտիվ պետական ապարատ»:

 

Խոսքը, ինչպես հավանաբար կռահեց ընթերցողը, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի մասին է, որի չափերից ամբողջական պատկերացում չունեցող Սահակաշվիլին փորձել է այդ օրինակի վրա ընդգծել Վրաստանի պետական ապարատի առավելությունները հայկականի նկատմամբ: Մենք հասկանում ենք, որ Սահակաշվիլին իր երկրի առավելությունների մասին միշտ պետք է այսպիսի էնտուզիազմով խոսի, բայց նաև ցանկալի կլիներ, եթե նա խոսելուց առաջ նաև հետաքրքրվեր, թե ինչո՞ւ է Հայաստանի պետական ապարատը հատկապես այս գործում գտնվել այդքան «դանդաղաշարժ»: Նրան կարող էին օգնել ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետները, եթե այդպիսիք, իհարկե, կան Վրաստանում:

 

Այդպիսի մեկի անունը նախագահը, կարծես, տալիս է` Ռամազ Նիկոլաիշվիլի: Եթե Ռամազ Նիկոլաիշվիլին, իրոք, այս գործի մասնագետն է եւ համաձայն է իր նախագահի հետ, որ մի քանի ժամում կմաքրեր սողանքն ու դուրս կքաշեր մեքենաները, ապա պետք է վրացական կողմին հիասթափեցնենք եւ ասենք, որ նրանք շատ վատ փրկարարներ ու կազմակերպիչներ են: Ձեր Ռամազ Նիկոլաիշվիլին, պարո'ն Սահակաշվիլի, մի երկու ժամում իսկի իր շորերը չի հանի:

 

Կարծում ենք` մեր վրացի բարեկամներն այս դեպքում խառնում են հողային աշխատանքները փրկարարական աշխատանքների հետ: Մինչդեռ սրանք բոլորովին այլ բաներ են: Մենք 1988-ի երկրաշարժ ենք տեսել: Այդ օրերին մեր կողքին են եղել վրացի բարեկամներն ու մասնագետները, ովքեր կհավաստեն, որ արհավիրքից տասնյակ օրեր անց էլ դեռ կենդանի մարդիկ էին դուրս բերվում փլատակներից: Կարելի էր չէ՞ աղետի գոտում կենտրոնացնել տեխնիկայի մեծ քանակություն եւ գետնին հավասարեցնել ամեն ինչ: Փոխարենը, սակայն, գործի էին դրվում ձեռքի լինգերն ու բահերը, որպեսզի նախ դուրս բերվեին մարդիկ, կենդանության նշաններ ցույց տվող վիրավորները, դիակները վերջապես: Ինչպես տեսնում ենք, բուլդոզերը լավագույն տեխնիկան չէ նման դեպքերում: Ավելին ասենք` բուլդոզերը բուլդոզեր է թե' Վրաստանում եւ թե' Հայաստանում: Կարևորն այն է, թե ի՞նչ առաջադրանք ես տալիս նրա լծակների մոտ նստած մարդուն: Նա կարող է վահանը դնել ու բրթել, իսկ հետո՞:

 

Վրացիները մեր լավ հարևաններն են, եւ մենք չէինք ցանկանա Վրաստանի մասին վատ բան ասել: Բայց, եթե Սահակաշվիլին շատ է ուզում, կարող ենք մեր եւ իրենց պետական ապարատների էֆեկտիվության այլ համեմատություններ գտնել: Որպեսզի այս ֆրոնտում չխորանանք եւ հանկարծ չվնասենք հայ-վրացական լավ հարաբերությունները, բերենք ընդամենը մեկ օրինակ: Հայաստանի պետական ապարատի հանրաճանաչ դեմքերից մեկը` վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, որ շատ վատ բուլդոզերավար է, հրաշալի է տիրապետում տանկին: Արցախում է սովորել: Իսկ ահա Վրաստանի ողջ պետական համակարգը նույնիսկ չգիտի, թե ինչի համար է տանկը, այդ հաստ ու անճոռնի մեքենան, որ կա իրենց բանակում: Ավելին` Վրաստանի ողջ պետական համակարգը կարծում է, որ ամերիկյան հատուկ «Համմեր»-ները Բորժոմի սարերը որսի գնալու համար են բերվել կամ կովերին հեռու արոտավայրեր քշելու:

 

Ու հիմա մտածում եմ` դա չէ՞ արդյոք պատճառը, որ այդ ամենը մնաց դաշտում թափված: Բա ո՞նց էին Թիֆլիսը պաշտպանելու, եթե տուրուդմբոցը 5-ի փոխարեն 6 օր տևեր: Փառք Աստծո, իհարկե, որ ամեն ինչ շուտ վերջացավ, եւ ուրախ եմ հատկապես, որ նաև Հայաստանի պետական ապարատի էֆեկտիվությունը որոշակի դեր խաղաց Վրաստանի պետական ապարատը վերջնական ոչնչացումից փրկելու գործում: Լավ էլ չի ասելը, բայց եթե բանը հասներ վրացական ապարատը փլատակներից հանելուն, Ռամազ Նիկոլաիշվիլին հաստատ մի քանի ժամում չէր կարող անել: Սա արդեն ասում ենք` որպես այլ ոլորտի մասնագետ, որպես խորհրդատու, եթե կարելի է, որպեսզի մեր վրացի բարեկամները հասկանան, ի վերջո, որ ինքնագովությունը պետական ապարատի էֆեկտիվության լավագույն ցուցիչը չէ:

 

Որպեսզի համոզիչ լինի ասվածը, դարձյալ պիտի վկայակոչենք մեր վարչապետին: Նա, այո, վատ բուլդոզերավար է, բայց փոխարենը Սահակաշվիլիին գերազանցում է դյուցազներգություններ հորինելու գործում: Նրա ստեղծագործությունների հեղինակային իրավունքներն ամրագրված են Հայաստանի պետական ապարատի գերէֆեկտիվությունն ապացուցող բոլոր փաստաթղթերում, որոնց կարելի է ծանոթանալ նույնիսկ Facebook-ի նրա էջում: Ուստի կարելի է տեղեկանալ դրանց ու, Հայաստանի համեմատությամբ, առավելություններ փնտրել այն ոլորտներում, որտեղ դրանք կան, այլ ոչ թե այն տեղերում, որտեղ լեզու չէ, բայց, ներողություն, խելք ու վճռականություն է պետք ունենալ:

 

Էդիկ Անդրեասյան

 

Լուսանկարը` Գ.Շամշյանի