Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցը հայ ժողովուրդը աշխարհով մեկ խռովվեց, 50 տարի շարունակ մոռացումի, ուրացումի ժամանակներ էին, աշխարհը լուռ էր, մենք էլ չէինք կարողանում մեր խնդիրը հասցնել աշխարհին, բայց Հայաստանից սկսած մինչև Սփյուռք մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և լսելի դարձրեց մեր ցավը։ Այս մասին «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման արարողության ժամանակ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Մեկ տարի հետո մենք ունեցանք մի սրբավայր՝ Ծիծեռնակաբերդը և ամեն Ապրիլի 24-ին գնում և խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև։ Դա պատմական իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որովհետև դա ոչ միայն հուշահամալիրի բացում էր, այլ նաև նոր փուլ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայ դատի միջազգայնացման և հատուցման համար պայքարի։ 1965-ից և հետո մեկ տարի անց հուշարձանի բացումից հետո այս իրադարձությունը, որպես պատմական իրադարձություն երկրորդն է մեր ժողովրդի կյանքում, որովհետև տեղի էր ունեցել մեկ այլ անարդարություն։ Այն տղաները, որ ոտքի էին կանգնել, կամավորականներ՝ առաջին աշխարհամարտի մասնակիցները ատամները սեղմած սպասում էին այն օրվան, թե երբ պետք է կարողանան վերադարձնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Դա տեղի ունեցավ շատ դժվար պայմաններում, երբ զուգահեռաբար հայոց պետականությունն էր կերտվում և մեր երիտասարդները 1918թ․-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոսից հետո, երբ Թուրքիան ջախջախվեց այդ պատերազմում, սկզբում անհատական մակարդակով, հետո արդեն պետական մակարդակով, արժանապատվության և վրեժխնդրության պահը եկավ։ 1919թ․-ի աշնանը, հոկտեմբերին, ՀՅԴ 9-րդ ընդանուր ժողովը որոշում կայացրեց պատժել 650 հոգանոց մի ցուցակում գտնվող ոճրագործների, առանձնացրեց դրանցից 41-ին և դրանցից 2 տասնյակի նկատմամբ իրականացրեց հայ ժողովրդի վճիռը։ Դա միայն կուսակցական որոշում չէր, դա համահայկական ազգային խնդիր էր և հայ ժողովուրդը ազգովի լուծեց այդ խնդիրը։ Անցան տարիներ, այդ հերոս տղաները անարդար ձևով իրենց հայրենիքում զրկված էին հուշարձան ունենալու պատվից։ Մարալիկում, Սողոմոն Թեհլերյանի արձանը կարելի էր տեսնել, բայց դա քիչ էր, տղաները արել էին հերոսությունը, որը ազգովի պետք էր պաշտպանել և հավուր պատշաճի ներկայացնել։ Հիմա վերջապես ունեցանք այդ հնարավորությունը»,- ասաց նա։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ամբողջական ելույթը Նեմեսիսի վրիժառուների հուշարձանի բացմանը` տեսանյութում։