| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում բարեգործության, որևէ օժանդակության անվան տակ ընտրողի ձայն են գնում. այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ բարեգործական կազմակերպություններին արգելվում է բարեգործություն իրականացնել ընտրությունների շեմին։ Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ ՀՅԴ-ն բազմիցս առաջարկել է ընտրություններին նախորդող 3 օրվա ընթացքում ընդհանրապես արգելել բարեգործությունը, բայց այդ առաջարկությունները չեն ընդունվել:
Դաշնակցական պատգամավորն անդրադարձավ նաեւ պաշտոնական լիազորությունների, պետական կամ համայնքային միջոցների օգտագործմանը եւ, որպես ասվածի օրինակ, նշեց, թե ինչպես է վարչապետն աշխատանքային այցով մեկնում որեւէ մարզ և աշխատանքային այցին զուգահեռ որևէ երիտասարդի խրախուսում է իր աշխատանքի համար, ու տալիս ՀՀԿ անդամատոմս: Դա, ըստ պատգամավորի, նույնպես ընտրակաշառք է:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ պնդեց, թե ընտրակաշառքի առաջացման պատճառները ոչ թե ժողովրդի մեջ պետք է փնտրել, այլ քաղաքական էլիտաների շրջանում: Նա էլ, որպես ընտրակաշառքի օրինակ, նշեց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից առողջապահական տարբեր ակցիաների անցկացումը:
 
 Իսկ ՕԵԿ պատգամավոր Մարզպետունի Մանուկյանը նշեց, որ բարեգործությունը պետք է արվի ընտրության հաջորդող օրերին, եւ ընտրակաշառքը չպետք է նույնացվի բարեգործության հետ: «Իսկ դա օրենքով պետք է ամրագրվի»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նաեւ նշեց, թե Արցախը կարողացել է հաղթահարել ընտրակաշառքի խոչընդոտը, իսկ եթե «արցախցի մեր եղբայրները հաղթահարել են, ուրեմն մենք էլ կկարողանանք»: